«Մոտիվացիա» բառը հաճախ ենք օգտագործում բոլորս․ թե՛ մեծահասակների, և թե՛ երեխաների կյանքում սա կարևոր դեր ունեցող հասկացություն է։
Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այս քննարկման ընթացքում խոսելու ենք երեխաների կյանքում մոտիվացիայի դերի, դրա տեսակների և երեխային մոտիվացնելու մեխանիզմների մասին։
Հարց – Արմինե՛, երբ Ձեզ առաջարկեցի քննարկել այս թեման, այն բնութագրեցիք որպես միշտ արդիական, բարդ ու միաժամանակ՝ հետաքրքիր։
Ա․ Վարդանյան — Այո՛։ Ինչու՞ միշտ արդիական․ որովհետև շատ հաճախ, գրեթե ամեն օր կարելի է լսել այս արտահայտությունը ծնողներից՝ «ո՞նց մոտիվացնեմ երեխայիս»։ Այն հարցերից է, որը բոլոր ժամանակներում հետաքրքրում է ծնողներին։
Բարդ է, որովհետև շատ բազմաշերտ է և նույն գիտության մեջ էլ շատ տարբեր ձևերով է բացատրվում, և տարբեր սահմանումներ կան, թե ինչ է մոտիվացիան։
Եվ հետաքրքիր, որովհետև, կախված այն բանից, թե մարդն ի՞նչ մոտիվներ ունի, դրանով իր ամբողջ կենսագործունեությունը պայմանավորվում է․ և՛ իր աշխարհայացքը, և՛ մոտեցումները, և՛ հաղորդակցումը, և՛ առաջնահերթությունները հենց կախված են մոտիվացիայից։
Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է մոտիվացիան։ Հայերենում թարգմանվել է որպես «դրդապատճառ»՝ դրդող պատճառ։ Բովանդակային առումով այս բառը քիչ թե շատ բնութագրում է «մոտիվացիա» հասկացությունը։ Այսինքն՝ սա մի երևույթ է, որը մարդուն դրդում է որոշակի ակտիվության, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ այդ ակտիվությունն իր մեջ որոշակի կոմպոնենտներ պարտադիր պիտի պարունակի, որպեսզի դառնա մոտիվացիա, և այդ կոմպոնենտներն են հետաքրքրությունը և անպայման հաճույքի զգացողությունը․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ։