Զարթուցիչ

Այսօր աշխարհում նշվում է անուշահացե տնակի օրը. Զարթուցիչ

Այսօր դեկտեմբերի 12-ն է․ դպրոցում կիսամյակի ավարտով պայմանավորված եռուզեռ է, իսկ մեր ներսում՝ մտքերում ու հոգում, մոտեցող Նոր տարվա սպասումը․․․Ո՞նց համատեղենք այս երկուսը։

Իրականում ամենևին դժվար չէ դա անել․ մի քիչ ավելի ջանք է պահանջվում տանը դաս սովորելիս, մի քիչ ավելի ուշադրություն՝ դասարանում։ Իսկ Նոր տարուն կարելի է նաև ընկերների հետ սպասել՝ դասարանը զարդարելով, տանն էլ եղբոր ու քույրիկի հետ սպասել՝ տոնածառի խաղալիքները տեսակավորելով  և ամանորյա ձևավորումների նոր մտահղացումներն իրար փոխանցելով․․․

Եվ, մինչև դուք կփորձեք ձեր ներսում համատեղել կիսամյակի ավարտն ու մոտեցող Նոր տարին, պարզենք, թե ինչ է ասում այս օրվա՝ դեկտեմբերի 12-ի մասին օրացույցը։

Այսօր աշխարհում նշվում է համեղ մի տոն՝ անուշահացե տնակի օրը։ Սա կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծննդյան տոնին նախորդող շատ սիրելի օրերից մեկն է, յուրօրինակ ընտանեկան տոն, որը նախ՝ միավորում է ընտանիքները այս կարևոր գործն անելու՝ տնակը պատրաստելու համար, և երկրորդ՝ մեծ հնարավորություն է տալիս ստեղծագործելու բոլորին՝ մեծերին ու փոքրերին։

Ամանորին նվիրված հոլիվուդյան ֆիլմերից ձեզ երևի ծանոթ է այս սովորույթը․ երեկոյան ընտանիքը հավաքվում է խոհանոցում, և միասին սկսում են պատրաստել նախ՝ անուշահացերը, որոնց բաղադրության մեջ անպայման պետք է կոճապղպեղ լինի, ապա՝ տնակը։

Անուշահացերի պատրաստումն իսկական ստեղծագործական աշխատանք է և երևակայությունը գործի դնելու մեծ հնարավորություն․ դրանք զարդարելու համար օգնության են գալիս քաղցր ու բազմագույն օշարակները, ջնարակը/եթե չգիտեք՝ ինչ է ջնարակը, ասեմ, որ դա մեզ հայտնի գլազուրն է, քաղցր կրեմները։ Երեխաների համար սա ամենասիրելի նախատոնական արարողություններից մեկն է, իսկ կոճապղպեղով անուշահացերը՝ ամենահամով քաղցրավենիքներից մեկը։

Ի դեպ, անուշահացի մեջ անպայման կոճապղպեղ օգտագործելու պայմանը, պարզվում է, ամենևին պատահական չէ։ Բանն այն է, որ մանրացված կոճապղպեղը ոչ միայն յուրօրինակ համ է տալիս թխվածքին, այլև օգտակար է մարսողության համար, ձմռանն օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու հրաշալի միջոց է, և դրա շնորհիվ անուշահացերը երկար ժամանակ թարմ են մնում ու չեն փչանում։ Կոճապղպեղով անուշահացերի ստեղծման մասին տարբեր պատմություններ կան, որոնցից մեկի համաձայն դրանք Եվրոպա են բերել հայ հոգևորականները 992 թվականին։

Ասենք նաև, որ իհարկե, տնակ պատրաստելու համար անուշահացերը ցանկալի է, որ ուղղանկյուն, քառակուսի, եռանկյուն ձևեր ունենան՝ իրար հեշտ միանալու համար, բայց պարզ է, չէ՞, որ անուշահացերի ձևերն էլ երևակայությունն աշխատեցնելու մեծ հնարավորություն են տալիս՝ աստղիկներ, կենդանիներ, մարդուկներ ու էլի՝ ինչ ասես։

16-րդ դարում, օրինակ, շատ տարածված էր անուշահացե մարդուկներ պատրաստելը։ Ասում են, որ դրանք շատ սիրում էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Առաջինը։ Ե՛վ սիրով ուտում էր, և՛ սիրով նվիրում․ օտարերկրյա դեսպաններին նա նվիրում էր անուշահացեր իր իսկ դիմանկարով։

Ի դեպ, շատերը կարծում են, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ անուշահացերից տնակներ պատրաստելու սովորույթը սկզբնավորվել է Գերմանիայում  1800-ական թվականներին և մեծ տարածում է ստացել 1812 թվականից հետո, երբ լույս տեսավ Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթը՝ «Հենզելն ու Գրետելը»։ Հիշում եք, չէ, թե կախարդ պառավը ոնց իր թակարդը գցեց Հենզելին ու Գրետելին․ հենց անուշահացերից պատրաստված տնակով հրապուրեց նրանց։

Եվ քանի որ այս հեքիաթը շատ սիրում էին Գերմանիայում, անուշահացե տնակները դարձան սուրբծննդյան տոնի յուրօրինակ խորհրդանիշը, իսկ գեղեցիկ սովորույթներն ու ավանդույթները տարածվելու հատկություն ունեն, և տարածվեցին ողջ Եվրոպայում, ապա նաև՝ օվկիանոսից այն կողմ։

Ահա, այսպիսի համով օր է դեկտեմբերի 12-ը։ Գուցե ձեր մտքո՞վ էլ անցավ անուշահացե տնակ պատրաստելը։ Եթե ոչ այսօր, ապա նախատոնական որևէ այլ երեկո կարելի է նվիրել այս գործին։

Ցուցադրել ավելի
Back to top button