Ինչպես ասում են՝ տոներն են մոտենում։ Առաջարկում ենք երեկոները զբոսնել տոնական Երևանի փողոցներում ու զգալ Ամանորի շունչը, մտածել, թե ինչ կարելի է նվիրել ընկերներին ու հարազատներին։ Այդ հաճելի գործը չարժե թողնել վերջին օրվան։ Ու եթե չեք կողմնորոշվում ինչ նվիրել՝ կօգնենք նաև այդ հարցում։ Մենք կազմել ենք ամանորի նվերների փոքրիկ ցուցակ, որը, կարծում ենք օգտակար կլինի ընտրություն կատարելիս։
Օրինակ՝ տատիկին ու պապիկին կարելի է տաք գուլպա կամ գլխարկ նվիրել։ Հայրիկին ու մայրիկին էլ հետաքրքիր գրառմամբ գեղեցիկ բաժակ։ Մոտ ընկերոջը, հատկապես, եթե քաղցրասեր է, դուր կգա չրերով կամ կոնֆետներով տուփը։ Դասըներոջն էլ կարելի է գեղեցիկ նոթատետր և գրիչ նվիրել։
Տաք ծածկոցը, ձեռնոցները, հոտավետ մոմերը, տոնածառի գեղեցիկ խաղալիքներն ու ականջակալները ևս ամանորի նվերի լավ տարբերակ կարող են լինել։ Այնպես որ, եթե հիմա խաղում եք գաղտնի Սանտա խաղը, կարծում եմ կհետևեք մեր խորհուրդներին և կընտրեք ձեր նվերը։
Ի դեպ, գիտեք թե երբ է առաջացել Գաղտնի Սանտա խաղը։ Մի փոքրիկ տեղեկություն էլ այդ մասին։ Եվ այսպես Սեքրետ Սանտա տոնական ֆլեշմոբի առաջացման մասին մի քանի վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ ամանորյա նվերների անանուն փոխանակման ավանդույթը ծագել է ԱՄՆ-ում 20-րդ դարի վերջին։
Ասում են, որ առաջին գաղտնի Սանտան եղել է Լարի Ստյուարտ անունով մի մեծահարուստ մարդ՝ Միսսուրի նահանգից։ Նա ավելի քան 25 տարի Սուրբ Ծննդյան գիշերը գումար է բաժանել կարիքավորներին, ինչի պատճառով էլ ստացել է Սանտա մականունը։
Ստյուարտը՝ իր ով լինելը բացահայտել է միայն կյանքի վերջում, երբ իմացել է, որ անբուժելի հիվանդություն ունի։ Ու որպեսզի այդ գեղեցիկ ավանդույթը շարունակվի, նա հարուստ մարդկանց խնդրել է շարունակել իր գործը․․․․շուտով գաղտնի Սանտաները հայտնվել են ամբողջ աշխարհում․․․ Գիտեի՞ք այս մասին։