Հայրիկի դասերը

Կրտսերը, ավագն ու միջնեկը. Հայրիկի դասերը

Այսօր ու մոտակա մեկ կամ երկու հաղորդումների ժամանակ ես կփորձեմ բացահայտել, թե ինչո՞վ են տարբերվում կրտսեր, միջնեկ ու ավագ երեխաներն իրարից։ Անշուշտ, խոսքս նրանց բնավորությունների ու վարքի միջին վիճակագրական մոդելների մասին է, քանզի, վստահաբար, հարյուր տոկոսով իրավունք էլ չունենք կանոնակարգելու երեխաներին ու նրանց, այսպես ասած, շարել դարակներով (կներեք ոչ բարեհունչ արտահայտության համար)։

Հանրահայտ Զիգմունդ Ֆրոյդն առաջին հոգեբույժն էր, որը պնդում էր, որ երեխայի դիրքը քույրերի և եղբայրների միջև ոչ միայն կարևոր է, այլ նաև որոշիչ դեր ունի նրա անհատականության ձևավորման համար: Պետք չէ հեռուն գնալ օրինակների համար. մեզնից շատերը, կարծում եմ, գիտեն սեփական փորձով, թե ինչ ազդեցություն ունի մանկության տարիներին ձևավորված այս կամ այն մոդելը:

Ընտանիքի ավագ երեխաները, որպես կանոն, ունեն որոշ ընդհանուր բնութագրեր՝ ձգտում են ձեռքբերումների, ունենում են առաջնորդին հատուկ որակներ։ Սեռով պայմանավորված առանձնահատկություններ նույնպես կան, օրինակ, քույրերի կրտսեր եղբոր բնավորության գծերը տարբերվում են եղբայրներ ունեցող կրտսեր եղբոր բնավորության գծերից, եղբայրներ ունեցող կրտսեր դուստրը տարբերվում է քույրեր ունեցող կրտսեր քրոջից, ավագ քույրերի կրտսեր եղբայրն իհարկե տարբերվում է ավագ եղբայրների կրտսեր եղբորից և այլն․․․տարբերակները մի քանիսն են։

Ամենատարեց երեխա․․․նրան ավելի հաճախ բնորոշ է պատասխանատվության զգացումը, բարեխղճությունը, ձգտումը դեպի նվաճումները, և ինչու չէ, փառասիրությունը: Նման երեխան, ավելի քան մյուսները, հոգ կտանի կրտսեր եղբայրների և քույրերի մասին վերջիններիս հիվանդության կամ բոլորիցս հեռու՝ ծնողների կորստի դեպքում:

Ավագ զավակը կարող է պատասխանատվություն զգալ ընտանեկան ավանդույթները շարունակելու հետ կապված և հաճախ դառնում է առաջնորդ: Նա հաճախ, հատկապես, եթե խոսքը տղայի մասին է՝ ժառանգում է հոր, պապի մասնագիտությունները։ Մեծ երեխան ավելի լուրջ է, ձգտում է կատարելության և ավելի քիչ է խաղում հասակակիցների հետ: Ավագ երեխայի դեպքում բավականին տարածված հոգեբանական խնդիր է ծնողների և շրջապատի այլ հեղինակավոր մարդկանց, ասենք՝ ուսուցիչների, մարզիչների ակնկալիքները չարդարացնելու անհանգստությունը: Նման երեխայի համար շատ դժվար է «սովորել հանգստանալ» և իսկապես վայելել կյանքը։ Շատ հայտնի ավագ երեխա է եղել, օրինակ՝ Ուինսթոն Չերչիլը։

Մեծ երեխաները միշտ կրթում են, պաշտպանում փոքրերին։ Եվ, եթե ընտանիքի տնտեսական վիճակն այնքան էլ բարենպաստ չէ, ապա ավագ երեխան ստիպված է զոհաբերել իր շահերը, որպեսզի օգնի ծնողներին։ 

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button