Անցյալ անգամ մենք խոսեցինք ընտանիքում ավագ, միջնեկ և կրտսեր երեխաների, այսպես ասած, բարոյա-հոգեբանական ծանրաբեռնվածությունից։ Այսօր ուզում ենք շարունակել զրույցը։ Մասնավորապես՝ խոսում էինք ավագ երեխայի մասին, քանզի առաջնեկն ընտանիքում երբեմն այնքան հոգսեր է ունենում, հատկապես փոքրերի հետ կապված, որ նրա դերն ինչ որ իմաստով գրեթե հավասարվում է ծնողի դերին։
Պատասխանատվության այս զգացումը կարող է ծանր բեռ լինել, և մեծ երեխան վերածվում է անհանգիստ, պարտքի բարձր զգացում ունեցող, անվերջ կատարելագործվել ձգտող էակի, որը չի համարձակվում սխալվել կամ վրդովեցնել իր ծնողներին կամ այլ մեծահասակների, հատկապես նրանց, ովքեր իր շրջապատում վայելում են որոշակի հեղինակություն։
Սեռը, կրտսեր եղբայրների ու քույրերի թիվը վճռորոշ դեր են խաղում երեխայի անհատականության ձևավորման գործում: Եթե ընտանիքի մյուս երեխաները տարբեր սեռերի են, նկարագրածս բնութագրերը կարող են տարբեր լինել կախված հենց այդ հանգամանքից: Իսկ եթե բոլոր կրտսերները նույն սեռի են, հատկապես, եթե նրանք երկուսն են կամ ավելին՝ տվյալ հատկանիշներն ավելի են ուժեղանում։
Սա ավագ երեխաների մասին, համառոտ, հիշեցնենք, որ զրույցը նրանց մասին սկսել ենք դեռ նախորդ հաղորդման ժամանակ։ Հիմա, սիրելի հայրիկնե՛ր, անցնենք ընտանիքի միջնեկ զավակին, կամ գուցե տվյալ դեպքում կարելի է կիրառել հավաքական «միջնեկներ» բնորոշումը, եթե նրանք մեկից ավելի են։
Ո՞վ և ինչպիսի՞ն է միջնեկ երեխան։
Միջնեկ երեխան, սիրելի մեծահասակներ, կարող է ունենալ ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ երեխայի առանձնահատկությունները կամ երկուսի համակցությունը: Միջնեկ երեխան, եթե նա միակ աղջիկը կամ միակ տղան չէ ընտանիքում, ստիպված է պայքարել, որ իրեն նկատեն և նվաճի, ստանա իր դերն ու տեղն ընտանիքում։ Նման երեխաները չունեն մեծ երեխաների հեղինակությունը և փոքրերի ինքնաբուխությունը։ Ինչպես նկատել է ավստրիացի հոգեբան, հոգեբույժ ու մեծ մտածող Ալֆրեդ Ադլերը «Ընտանիքում երկրորդ երեխան գտնվում է երկու կողմերի մշտական ճնշման տակ՝ պայքարում է ավագ եղբորից առաջ անցնելու համար և վախենում է, որ կրտսերը կհասնի իրեն…»։ Նկատի ունենանք, որ «երկրորդ երեխա» արտահայատությունը պետք չէ այս դեպքում բառացիորեն հասկանալ, Ադլերը նկատի ուներ՝ ավագ զավակից հետո եկող երեխա, քանզի ինքը 6 երեխաներից երրորդն էր։
Եթե ընտանիքում շատ երեխաներ կան, ապա միջնեկ երեխաների բնավորության գծերը ձևավորվում են ելնելով այն երեխաների խմբից, որոնցում նրանք ծնվել են, այսինքն կապ ունի՝ նրանք կրտսերների այսպես ասած թիմում են ծնվել, թե ավագների։ Միջին երեխաները շատ զարգացած սոցիալական հմտություններ են ունենում։ Նրանք գիտեն, թե ինչպես բանակցել և լեզու գտնել տարբեր մարդկանց հետ, քանի որ ստիպված են լինում սովորել խաղաղ, շփվել, ապրել իրենց թե՛ ավագ և թե՛ կրտսեր եղբայրների ու քույրերի հետ, որոնք էլ իրենց հերթին՝ անհատական տարբեր գծերով են օժտված։ Պատկերացրեք՝ այդքանի հետ լեզու գտնել, ելնելով նրանց բնավորություններից ու հոգեկերտվածքներից։
Քրիստ Մանարյան