Հայրիկի դասերը

Կրտսերը, միջնեկն ու ավագը /3-րդ զրույց/. Հայրիկի դասերը

«Արևիկ»-ի եթերում, ձեր ուշադրությանը կներկայացնենք մեր համեմատաբար երկար զրույցի նախավերջին մասը, կապված կրտսեր, միջնեկ և ավագ երեխաների բնավորությունների ու նրանց փոխհարաբերությունների հետ։

Անցյալ անգամ անդրադարձանք միջնեկ երեխաներին… այդտեղից էլ շարունակենք։

Եվ այսպես՝ միջնեկը ստիպված է մրցակցել ինչպես մեծ, ավելի հմուտ, ուժեղ ավագի, այնպես էլ կրտսեր, անօգնական ու ընտանիքի մյուս անդամներից կախում ունեցող կրտսերի հետ։ Արդյունքում, միջնեկ երեխան կարող է տատանվել ավագ երեխային նման լինելու և ծնողների բացահայտ բարեհաճությունը վայելող կրտսերին նմանվելու ձգտումների միջև։ Միջնեկները, մեծամասամբ, չեն ձգտում նախաձեռնություն ցուցաբերել և ինքնուրույն մտածել (թող չնեղանան ինձնից նրանք, ովքեր համաձայն չեն հետս, դրա համար էլ օգտագործում եմ «մեծամասամբ» բառը):  

Միջնեկ երեխան, զրկված լինելով ավագ զավակի իրավունքներից և փոքրի արտոնություններից, հաճախ է զգում կյանքի անարդարությունը։ Միջնեկները՝ իրենց գնահատված ու կարևոր զգալու իմաստով, միշտ փորձում են մրցել մյուսների հետ, և եթե արդյունքի չեն հասնում դրական գործունեությամբ՝ կարող են անցնել բացասականի:

Այնուամենայնիվ, միջնեկ երեխաները գիտեն վարվել տարբեր մարդկանց հետ, քանի որ «ստիպված» սովորել են խաղաղ ապրել իրենց եղբայրների և քույրերի հետ, որոնք տարբեր բնավորություններ ունեն:  

Սովորաբար, նրանք բոլորի հետ ընկերական են և ակտիվորեն ձգտում են ընկերական հարաբերությունների, լավ են բանակցում և հաճախ դառնում են դիվանագետներ, քարտուղարներ, վարսահարդարներ, մատուցողներ՝ զբաղմունքներ, որոնք նրբանկատություն են պահանջում, բայց ոչ չափազանց կամ անգամ բավարար ագրեսիվություն:

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button