Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր:
Դեկտեմբերի 20, 21, 22, 23-ին՝ ժամը 16:00-ին և 19:00-ին, կներկայացվի Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Պ. Ի. Չայկովսկու «Շչելկունչիկը»: Հայտնի բալետն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի նոր, շքեղ 3D անիմացիաներով և լուսային տպավորիչ լուծումներով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով դառնալ հեքիաթի մասնակիցը:
Դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտիրի ջազային տրամադրություն: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համագործակցությամբ՝ հանդիսատեսին կներկայացվի CHRISTMAS JAZZ տոնական համերգը: Ամանորի և Սուրբ Ծննդյան ճանաչված և սիրված մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ:
«Վիեննա Գալա» տոնական շքեղ համերգով դեկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կեզրափակի 2024 թվականը: Կհնչեն Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը՝ նրբագեղ պարահանդեսային պարերի ուղեկցությամբ: Համերգի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Մինչ համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ից, ճեմասրահում կլինեն պարահանդես և շամպայնի հյուրասիրություն: Խրախուսվում է համերգին ներկայանալ երեկոյան հագուստով: