Զարթուցիչ

Երբ մոտենում է տարվա կախարդական ու հեքիաթային շրջանը. Զարթուցիչ

Արդեն զգո՞ւմ եք Ամանորի շունչը։ Եթե ձեզ Սուրբ Ծննդյան ուրախ տրամադրությունը դեռ չի այցելել, ուրեմն՝ ժամանակ գտեք ու շրջեք լույսերով ողողված մեր հեքիաթային քաղաքում։

Երբ գալիս է տարվա ամենահեքիաթային ու կախարդական շրջանը, մենք սկսում ենք մտածել, թե ինչպիսի՞ն կուզեինք, որ լինի եկող տարին, ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունենք, որ ուզում ենք իրականություն դարձնել և, իհարկե, ի՞նչ կուզեինք փոխվեր մեր առօրյայում։

Ամեն բան նախապես ծրագրելը գուցե կօգնի, որ 2025 թվականը անցկացնենք այնպես, ինչպես պատկերացրել ենք, ու այն կարող է դառնալ ամենասիրելիների տարեթվերից մեկը։

Այսպիսով, գալիք տարում մեր նպատակները համակարգելու համար մեզ պետք է վերցնել թուղթ ու գրիչ և այն բաժանել 5 մասին։ Յուրաքանչյուր բաժնի համար գրում ենք համապատասխան վերնագրերը՝ ֆիզիկական առողջություն, փոքրիկ բացահայտումներ, նոր հմտություններ, ակտիվ առօրյա և վերջին բաժնում՝ նոր գիտելիք։

Հիմա եկենք հասկանանք, թե որ բաժնում ի՞նչ նպատակներ ենք գրելու։

Առաջին բաժինը վերաբերում է առողջությանը։ Սա նշանակում է, որ եկող տարում կարող ենք ավելի հետևողական լինել այս հարցում։ Չէ որ, երբ մեզ ֆիզիկապես առողջ ու լավ ենք զգում՝  ավելի արդյունավետ ենք աշխատում։

Այս բաժնում կարող ենք ներառել այնպիսի նպատակներ, ինչպիսիք են՝ ավելի առողջ սնվելը, չիփսերի ու գազավորված ըմպելիքների փոխարեն՝ մրգերին ու կոմպոտներին նախապատվություն տալը, ֆիզիկական ակտիվությունը և որևէ սպորտաձևի կանոնավոր հաճախելը։

Հաջորդիվ՝ փոքրիկ բացահայտումների բաժինն է, որտեղ կարող ենք ինքներս մեզ խոստանալ, որ գալիք տարում բացահայտելու ենք քաղաքում և քաղաքից դուրս գտնվող բոլոր գեղեցիկ ու թաքնված վայրերը։

Փոքրիկ բացահայտումներին հաջորդում է նոր հմտությունների բաժինը։ Նպատակների այս բաժնում կարող ենք գրել այն հոբբիների ու հմտությունների մասին, որոնք միշտ ցանկացել ենք ձեռք բերել, բայց երբեք հստակ քայլեր չենք ձեռնարկել։ Օրինակ՝ այցելել կավագործության կամ նկարչության դասերի։

Կարող ենք գրել անձնային աճի հետ կապված հմտություններ, օրինակ՝ ամեն օր սովորել ընտրել սեփական մտքերը այնպես, ինչպես մեր հագուստն ենք ընտրում։ Սովորել գոհանալ նույնիսկ մանրուքներից և շնորհակալ լինել ամեն նոր հնարավորության համար։ Որոշ ժամանակ անց կտեսնենք, որ փոխվում են ոչ միայն մեր բնավորությունն ու վարքագիծը, այլ նաև՝ ավելի հաջողակ ենք դառնում։

Ակտիվ առօրյան ևս կարևոր բաժին է։ Կարող ենք պլանավորել ավելի շատ ակտիվ ժամանակ՝ բնության գրկում, լավ կլինի ներառել նաև՝ համակարգչի սահմանափակումը և վիրտուալ աշխարհից դուրս ավելի հաճախ նոր մարդկանց հետ ծանոթությունը։ 

Եվ վերջին բաժինը՝ նոր գիտելիքներ։ Այստեղ կարող ենք գրել այնպիսի նպատակներ, ինչպես օրինակ՝ մեկ տարվա ընթացքում 100 գիրք կարդալը, ամեն օր մի նոր ու հետաքրքիր փաստ ուսումանսիրելը կամ էլ՝ որևէ օտար լեզու սովորելը։

Ցուցադրել ավելի
Back to top button