Գիտեի՞ք, որ այս օրը՝ դեկտեմբերի 26-ը, աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Նվերների օր։ Դեկտեմբերի 26-ը որպես նվերների օր նշելու ավանդույթի արմատները Մեծ Բրիտանիայում և բրիտանական ազգերի համագործակցության մի շարք երկրներում են՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում։ Իրականում այդ երկրներում այն հայտնի է որպես «Boxing day», բառացի թարգմանությամբ՝ «Արկղերի օր»։ Այստեղ չկա մեծ հակասություն, քանի որ նկատի ունեն հենց այն արկղերը, որտեղ ավանդաբար զետեղվում են նվերները։
Կան տոնի անվան առաջացման մի քանի տարբերակներ։ Օրինակ՝ այս մեկը, ըստ որի Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան հաջորդ օրը ընտանիքը փաթեթավորում էր տոնական ընթրիքի մնացորդները և դրանք ու ոչ պիտանի նվերները տեղավորում արկղերում և նվիրում հիվանդներին ու աղքատներին։ Սովորաբար այդ գործով՝ նվերների փաթեթավորմամբ և դրանք աղքատներին բաժանելով, զբաղվում էին երեխաները։
«Նվերների օրը» նշող երկրներում մեր օրերում այլևս շատ չեն հետաքրքրվում տոնի նախապատմությամբ, պարզապես այս օրն օգտագործում են միմյանց ևս մեկ անգամ տոնի առթիվ ուրախացնելու նպատակով։