Հաշված օրեր․․․ և բոլորիս կյանքում՝ իր պատմությունը կսկսի 2025 թվականը։ Ու քանի դեռ ժամանակ ունենք՝ կարող ենք ամփոփել անցնող տարին՝ 2024-ը։ Ասում են՝ տարեվերջին ևս մեկ անգամ վերադառնալով տարվա սկիզբ, կարող ենք գնահատել ոչ միայն մեր մեծ ու փոքր ձեռբքերումները, այլ նաև` մտածել անավարտ ցանկությունների ու նպատակների մասին, որոնք, արդեն, կիրականացնենք գալիք տարում։
Այսպիսով, ժամանակն է ամփոփելու 2024 թվականը։ Պարզենք, թե ի՞նչ կարևոր գործեր արեցինք և դեռ ինչեր ենք նախատեսում գալիք տարում։
Զարթուցիչի տաղավարից մենք հաճախ ենք խոսել time management-ի՝ ժամանակի կառավարման մասին։ Հիշո՞ւմ եք Պոմոդորոյի տեխնիկան՝ 25 րոպե աշխատանք և 5 րոպե հանգիստ, իսկ Պարետոյի 80/20-ի սկզբունքը՞, երբ ճիշտ գործադրված ջանքերի 20%-ը արդեն իսկ բերում է 80% արդյունք։
Դե, մենք կարող ենք ասել, որ կազմակերպվածության և ժամանակի կառավարման առումով՝ օգտակար հմտություններ ենք ձեռք բերել։ Նախապես կազմում ենք անելիքների ցուցակ, հետևում ենք պլանավորված գործերի հերթականությանը և հավասարաապես բաշխում ենք կրթությանը, աշխատանքին և հանգստին տրված ժամանակը։
Ողջ տարվա ընթացքում մենք հետևեցինք նաև մեզ ուղղված կրթական միջոցառումներին և հայտնեցինք ամենակարևոր նորությունների ու ծրագրերի մասին։
Հիշո՞ւմ եք ․․․ նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք օտար լեզուների ու անընդհատ թարմացվող գիտելիքների կարևորության մասին։ Հիմա երևի կասենք ամենաբարդ, բայց ամենակարևոր կետը։ Տարին ավարտեցինք նոր գիտելիքներով, լավ գնահատականներով ու նոր ուսումնական ծրագրերով։ Իսկ դո՞ւք ինչ կասեք․․․։
Գիտելիքներին զուգահեռ՝ ձեռք բերեցինք նաև նոր հմտություններ ու հոբբիներ։ Օրինակ՝ ավելի առողջ սնվելը, ֆիզիկական ակտիվությանը ավելի շատ ժամանակ տրամադրելը և համացանցից դուրս՝ իրական շփումներին ու խաղերին ներգրավված լինելը։
Այո, ժամանցը ևս կարևոր է, քանի որ, եթե մենք կարողանում ենք բալանսավորել կրթությունը, ձևավորած սովորությունները, սիրելի հոբբիները, ընկերների հետ շփումը և խաղերը, ապա՝ դա դրական է ազդում մեր առօրյայի վրա և օգնում է ունենալ կայուն ու լավ տրամադրություն։ Էլ ի՞նչ է պետք Ամանորից առաջ․․․։