Այսօր հունվարի վեցն է, ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը, և հայ ընտանիքներում բացի ամենօրյա սովորական բարևից, մարդիկ իրար այսօր ողջունում են՝ շնորհավորելով Սուրբ Ծննդյան առթիվ։
-Քրիստոս Ծնավ և հայտնեցավ․․․
-Ձեզ և մեզ՝ մեծ Ավետիս:
Սուրբծննդյան տոնը, իհարկե նախևառաջ եկեղեցական տոն է, որն ավետում է մարդկության Փրկչի ծնունդը, բայց նաև անսահման սիրելի ազգային տոն է, որը նշում են բոլոր հայկական ընտանիքներում, և որը միավորում է մարդկանց լավի, լուսավորի սպասումով ու հույսով։
Հիսուս Քրիստոսի ծննդյան աստվածաշնչյան պատմությունը ոգևորել է, հուզել է շատերին։ Զարմանալի չէ, որ Սուրբծննդյան մասին սիրուն հեքիաթներ ու պատմություններ են գրել շատ հեղինակներ։
Այսօր մեր հյուրերը Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանը և նրա սաներ Վահանը, Մարին և Անին են, իսկ հանդիպման առիթն այն նախագիծն է, որը նախորդ տարեվերջին ավարտին հասցրին ստուդիայի սաները և որը տիկին Լիլիթն անվանեց «համարձակ նախագիծ»։
«Աշխարհի արարումը»․ այսպես է կոչվում նախագիծը։ Միացեք մեզ և միասին կպարզենք, թե ինչու է այս նախագիծը համարձակ։