«Նոր օ՞րը․ իհարկե ծագող արևի երկրից՝ Ճապոնիայից է սկսվում», — վստահ կպատասխանեք շատերդ և․․․կսխալվեք։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վահագն Գրիգորյանի հետ այս զրույցը, որը երկրագնդի ժամային գոտիների մասին է, ձեզ համար կպարզի թե՛ այս հարցի պատասխանը և թե՛ ժամային գոտիների հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանը կտա։ Կիմանաք, թե ինչու են մասնագետները երկրագունդը ժամային գոտիների բաժանել և ինչ սկզբունքով, ինչ անսովոր լուծումներ են գտել այդ գործընթացի ժամանակ, կպարզեք, թե ժամային գոտիների մասին գիտելիքն ինչպե՞ս կարող է օգտակար լինել ճամփորդելիս․․․Հարցերը շատ են, պատասխանները՝ հետաքրքիր․․․
Վ․ Գրիգորյան — Հուսով եմ, որ դեկտեմբերի 31-ին ժ․12-ին Նոր տարին բոլորիդ տուն մտավ խաղաղության, առողջության, հաջողության խոստումով․․․Իսկ ինձ նաև հուշեց մեր այսօրվա զրույցի թեման․ որոշեցի աշխարհագրության այսօրվա դասը ժամային գոտիներին նվիրել։
Հենց այն պահին, երբ մենք գիշերվա ժամը 12-ին շնորհավորում էինք իրար, Նոր տարին արդեն հասցրել էր լինել մի շարք երկրներում, իսկ մեր մոլորակի շատ այլ պետություններում ու անկյուններում էլ դեռ սպասում էին նրան։ Ինչու՞ է այդպես, ինչու՞ ողջ մոլորակը հենց նույն պահին չի ասում՝ բարի գալուստ, Նո՛ր տարի։ Խոսքն այն երկրների ու ժողովուրդների մասին չէ, որոնք ավանդաբար Նոր տարին նշելու այլ մշակույթ ունեն, այլ բոլոր այն երկրների մասին է, որոնք հին տարուն հրաժեշտ են տալիս դեկտեմբերի 31-ին։
Այս հարցի և մի շարք այլ հարցերի պատասխանը տալիս է հենց ժամային գոտիների մասին գիտելիքը։
Ինչո՞վ է պայմանավորված ժամային գոտիների առկայությունը․ նախևառաջ՝ Երկրի գնդաձևությամբ․․․