Հունվարի 20-ին մոտ մեկամսյա ձմեռային արձակուրդից հետո ուսումնական երկրորդ կիսամյակն սկսվեց նաև առաջին դասարանցիների համար։ Առաջին դասարանի առաջին կիսամյակը բացի «Այբբենարանի» նկարներից ու տառերի մասնիկներից, մաթեմատիկայի, նկարչության ու տեխնոլոգիայի նախնական գիտելիքներից նաև այլ դասեր է տվել առաջին դասարանցիներին․ ինչպե՞ս հարաբերվել դասընկերների և ուսուցչի հետ, ինչպե՞ս սովորել կարգապահ ու պատասխանատու լինել, ինչպե՞ս հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները։
Բայց առաջին կիսամյակը դասեր է տվել նաև առաջին դասարանցիների մայրիկներին։ Հենց այդ դասերի մասին ենք զրուցում «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան Էմմա Արզիևայի հետ, բայց այս անգամ ոչ միայն որպես հոգեբանի ենք հրավիրել նրան, այլև որպես առաջին դասարանցու մայրիկի, որին նույնպես առաջին դասարանի առաջին կիսամյակն ինչ-ինչ դասեր է տվել։
Հարց — Եղե՞լ են այնպիսի իրավիճակներ, որոնք Ձեզ՝ որպես մայրիկի համար անակնկալ են եղել, բայց քանի որ Դուք նաև հոգեբան եք, հետո դրանք վերլուծել եք որպես հոգեբան և ըստ այդմ փոխել եք ինչ-ինչ հարցերում Ձեր վերաբերմունքը կամ երեխայից ունեցած Ձեր պահանջները։
Է․ Արզիևա-Շատ շոշափելի հարց է․ շատ ծնողներ դրան առնչվել են իրենց առօրյայում։ Ես հիշում եմ առաջին դասարանցիների մասին մեր նախորդ զրույցներից այն մեկը, որի ընթացքում ես ասացի, որ առաջին դասարանցիները գտնվում են սահմանային վիճակում ինչ-որ առումով․ խաղային գործունեությունն ավարտվում է, և սկսվում է ուսումնական պրոցեսը։ Այդ սահմանային վիճակի շոշափելի լինելը ես բացահայտեցի իմ աղջկա շնորհիվ, որովհետև ես տեսնում էի, թե ինչպես է առավոտները նա տագնապում, ինչքան շատ է խոսում մանկապարտեզի առօրյայից և ինչքան շատ է ուզում նորից հետ գնալ մանկապարտեզ։ Եվ ես նկատում էի այն ծուղակային վիճակը, որում ինքն իրեն զգում էր․ մանկապարտեզ գնալ չեմ կարող, բայց դպրոց էլ դժվար եմ գնում։ Ոչ թե չեմ ուզում գնալ դպրոց կամ չեմ սիրում դպրոցը, այլ չգիտեմ՝ ինձ ինչպե՞ս պահեմ այնտեղ։ Այսինքն՝ հմտությունների պակաս էի ես նկատում։ Ինձ համար անակնկալ էր նրա այդչափ մեծ տագնապը, ծուղակի այդչափ զգացողությունը, և մենք՝ ես և ամուսինս, սկսեցինք ավելի շատ զրուցել նրա հետ, փորձել հասկանալ, թե հմտությունների որ կետն է, որ բալիկիս մոտ նվազ է, պետք է լրացնել և․․․
Շարունակությունը՝ զրույցում:



