Երբ դպրոցում երեխաները գրաճանաչ են դառնում, ուսուցիչներն առաջին շարադրություններն են սկսում հանձնարարել։ Առաջարկվող վերնագրերի մեջ միշտ կա մեկը՝ «Իմ մայրիկը»։ Բոլոր երեխաներն էլ այս վերնագրով շարադրություն գրում են։ Մեկը մայրիկի արտաքինն է նկարագրում, մյուսը մայրիկի մասնագիտության մասին է պատմում, բայց կա մեկ նախադասություն, որը հանդիպում է համարյա բոլոր շարադրություններում՝ «Իմ մայրիկը շատ հոգատար է»։ Թե ինչ է նշանակում «հոգատար» բառը, երեխան կամ բացատրում է կամ՝ ոչ, բայց որ մայրիկի հոգատար լինելը լավ բան է, հաստատ է։
Տարիներ են անցնում, և նույն երեխան մի օր մայրիկի հետ բանավեճի ժամանակ մի պոռթկում է հանում դուրս իր ներսից․ «Քո հոգատարությունն ինձ խանգարում է, թո՛ղ հանգիստ ապրեմ»։
Հոգատարությունից մինչև գերհոգատարություն մե՞կ քայլ է․ այս հարցով ենք սկսում զրույցը մեր հյուրի՝ հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։
Ա․ Վարդանյան — «Հոգատարություն» և «գերհոգատարություն» հասկացությունները շատ տարբեր են։ Հոգատարությունը, որպես մարդկային դրական որակ, շատ կարևոր նշանակություն ունի և, իհարկե, շատ կարևոր է, որ երեխան 6-7 տարեկանում, երբ առաջին քայլերն է անում մտքերն արտահայտելու, շարադրելու տեսակետից, արդեն իսկ ի վիճակի է և կարողանում է տեսնել այդ դրական որակը, բարձրաձայնել դրա մասին, գնահատել դա և ինչու ոչ՝ հասկանալ, որ կա այդպիսի հասկացություն առհասարակ։
Գերհոգատարությունն այլ երևույթ է․ այդ «գեր»-ը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ ինչ–որ առումով մի քիչ չափն անցած վիճակ է, որը մոտեցում է և, կարծում եմ, մեկ քայլի հարց չէ։ Սա ընդհանուր մտքերի, վերաբերմունքի, տեսակետի, կարծիքների, համոզմունքների մի համախումբ է, որով հենց պայմանավորվում է ծնողի վարքը։ Եվ, ի տարբերություն հոգատարության, որը միայն դրական կարող է լինել, գերհոգատարությունը կարող է լինել չափազանց բացասական։ Ավելի ճիշտ՝ որպես կանոն բացասական է լինում իր ազդեցություններով և հետևանքներով։
Շարունակությունը՝ զրույցի մեջ։



