«Երբ մենք խոսող երեխա ունենք կամ ընտանիքում խոսող անդամներ ունենք, մենք չենք զգում, թե որքան կարևոր է խոսել և արտահայտվել կարողանալը, բայց այն ընտանիքներում, որտեղ այդ խնդիրը կա, այլընտրանքային հաղորդակցման միջոցն ուղղակի հեղաշրջում է»,-ասում է մեր հյուրը՝ «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մասնագիտությամբ լոգոպեդ Արմինե Ավագյանը և ներկայացնում է իր հեղինակած «Արմավ» այլընտրանքային հաղորդակցման հայալեզու առաջին հավելվածը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում հավելվածը, ու՞մ համար է նախատեսված, ինչպե՞ս է աշխատում․ այս հարցերի շուրջ է զրույցը։
Ա․ Ավագյան- Լոգոպեդ աշխատում եմ բավականին վաղուց և անընդհատ իմ աշխատանքի ընթացքում հանդիպել եմ ընտանիքների, որոնք պայքարում են անխոսության դեմ կամ երեխայի սահմանափակ խոսքն ավելի լիարժեք դարձնելու ուղղությամբ և անընդհատ ունենում են անհաջողություն։ Հետո, երբ սկսեցի ստատիստիկան ուսումնասիրել, հասկացա, որ շատ խնդիրների դեպքում չխոսելն օրինաչափ է․ կան շատ համախտանիշներ, որոնց դեպքում երեխան այդպես էլ չպետք է խոսի, կա ինսուլտը, որի դեպքում մարդը կորցնում է խոսքը, կան գանգուղեղային տրավմաները, երբ մարդը որևէ տարիքում խոսքից զրկվել է, կա աուտիզմը, որի դեպքում երեխաների 17-25 %-ը ոչ վերբալ է, մանկական ուղեղային պարալիչը, որի դեպքում շատ երեխաներ են անխոս և շատ այլ խնդիրներ։
Այլընտրանքային հաղորդակցման միջոցների մասին աշխարհը խոսում է 1985 թվականից։ Հայաստանում դրանց մասին սկսել եմ խոսել ես 2004 թվականից, երբ համալսարանն ավարտեցի, մի քանի տարի աշխատեցի ու տեսա, որ ինձ փոխանցած գիտելիքն առ այն, որ որևէ խնդրի դեպքում, եթե լոգոպեդը լավն է, այցելուն կխոսի, միֆ է, առասպել է, և սկսեցի տարբեր երկրներում փնտրել լոգոպեդական դասընթացներ, որոնք ապացուցեցին դրա հակառակը։ Նաև սկսեցի տեսնել տարբեր երկրներում այլընտրանքնային հաղորդակցման միջոցներ…



