«Չուտող երեխա»․ այսպես ենք անվանել «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ մեր զրույցը՝ հասկանալով, իհարկե, որ բառակապակցությունը չափազանցության տարր ունի իր մեջ, որովհետև ամենավատ ուտող երեխան էլ ինչ–որ բաներ օրվա մեջ, մեկ է, ուտում է։ Բայց սա մայրիկների ու տատիկների նախընտրած բնութագրումն է․ «Իմ երեխան չուտող է, բժիշկ, ի՞նչ անեմ»։
Ս․ Մխիթարյան–Այո՛, այս հարցն իսկապես շատ է հուզում մեր մայրիկներին և տատիկներին։ Բժշկի գալիս, անգամ եթե այլ խնդրով են եկել, անպայման հարցնում են․ «Իմ երեխան չուտող է, ի՞նչ անեմ»։
Երբ բժիշկը տեսնում է առողջ, իր տարիքին համապատասխան աճող ակտիվ երեխա, արդեն ավելի շատ մտածում է, որ խոսքը հոգեբանական և սննդային վարքի հետ կապված խնդիրների մասին է։
Հենց սկզբից առանձնացնենք տարիքային խմբերը։ Իսկապես, տարբեր է «չուտող երեխա» հասկացությունը տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։
Օրինակ, մինչև 6 ամսական երեխաները, որոնք ստանում են միայն կաթնախառնուրդ կամ կրծքի կաթ, երբ կրծքի կաթից կամ կաթնախառնուրդից հրաժարվում են, սա արդեն համարվում է վտանգի նշան, և եթե ժամեր շարունակ երեխան հրաժարվում է ուտելուց, դա պետք է ահազանգ լինի ծնողի համար՝ մանկաբույժին դիմելու և չուտելու պատճառը հասկանալու համար։
6 ամսականից հետո, երբ սկսում ենք հավելյալ սնունդը, շատ մեծ է ընտանիքի, ընտանիքի անդամների դերը, թե ինչպես կսկսեն հավելյալ սնուցումը, ըստ որի արդեն երեխայի մոտ կձևավորվեն ճիշտ սննդային սովորություններ։ Բացի նրանից, որ մենք պետք է երեխային առաջարկենք ճիշտ և առողջ սնունդ, պետք է նաև նպաստենք, որ հետաքրքրությունը սննդի նկատմամբ երեխայի մոտ վաղ ու ճիշտ ձևավորվի։ Օրինակ, երբ երեխան արդեն մոտ է 6 ամսականին, ես միշտ խորհուրդ եմ տալիս նրանց նսստեցնել ընդհանուր սեղանի մոտ, երբ բոլորը հավաքվել են, ճաշում են, և ուտելու պրոցեսը ուրախ և դրական էմոցիաներով կազմակերպել, որպեսզի երեխաների մոտ սննդի ընդունումն ասոցացվի դրական երևույթի հետ։
Հաջորդ տարիքային խումբը 1 տարեկանից մինչև 5 տարեկան․․․



