Մտածե՞լ եք երբևէ, սիրելի՛ մայրիկներ, որ երեխային դպրոցին նախապատրաստելու ծրագրի մեջ կարելի է ներառել նաև երեխայի խոսքի զարգացման խնդիրը, ընդ որում՝ ոչ միայն այն դեպքում, երբ երեխան խոսքային դժվարություններ ունի։
Լոգոպեդ, հատուկ մանկավարժ և հոգեբան Անի Գրիշյանի հետ զրույցը կօգնի ձեզ երեխային դպրոցի նախապատրաստությունների կարևոր գործում ևս մեկ կարևոր կետ ներառել։
Ա․ Գրիշյան — Շատ կարևոր հարց է։ Երբեմն ծնողները դրա մասին հիշում են ամենավերջում։ Մենք ծնողներին խնդրում ենք, որպեսզի իրենք մոտավորապես չորս-հինգ ամիս շուտ փորձեն տեսնել, թե ինչպես է զարգանում երեխայի խոսքը, հստակեցված է, թե ոչ, ունի հնչյունային բարդություններ, թե ոչ, բառապաշարն աղքատիկ է, թե ոչ, ինչպես է երեխան հաղորդակցվում, ինչ բառեր է օգտագործում հաղորդակցման ժամանակ։ Այս բոլորը շատ կարևոր է։
Բոլոր հնչյունները երեխան պետք է հստակ ու պարզ արտաբերի։ Խոսքն այն մասին չէ, որ նա առանձին կարողանում է հնչյունն արտաբերել։ Օրինակ, լինում են դեպքեր, երբ ծնողն ասում է․ «Իմ երեխան առանձին կարողանում է արտաբերել «խ» հնչյունը, բայց բառի մեջ այդ «խ»-ն վերածվում է մեկ այլ հնչյունի կամ ընդհանրապես կորչում է»։
Նման դեպքերում ասում ենք՝ ուշադիր եղե՛ք, բոլոր հնչյունները բառերի մեջ պետք է հստակ լինեն։ Եթե այս խնդիրը լուծված է, ուրեմն՝ հնչյունային կողմով պատրաստ ենք։
Բացի հնչյունայինից կա նաև շարահյուսորեն և քերականորեն ճիշտ կազմված նախադասությունների հարցը։ Երեխան պետք է կարողանա ճիշտ օգտագործել բոլոր դերանունները, ժամանակային ձևերը․ ճիշտ և տեղին։ Շիլաշփոթ նախադասության մեջ չպետք է լինի։ Հաճախ ծնողներն ասում են՝ դե՛, փոքր է։ Չէ՛, փոքր չէ՛, եթե մենք արդեն նախապատրաստվում ենք դպրոց գնալուն ու մեզ մնացել է չորս-հինգ ամիս, երեխան պետք է կարողանա հստակ խոսել, խոսքն ունենա հստակ սկիզբ և ավարտ։
Խորհուրդ կտամ, որ եթե ծնողն զգում է, որ երեխայի խոսքը սահուն չէ, երեխան չի կարողանում միտքը ձևակերպել և երբեմն դրանից նյարդայնանում է, ինչը շատ բնական է, թող դիմի մասնագետին։
Շարունակությունը՝ զրույցի մեջ:



