Այս նախադասությունը լսե՞լ եք ձեր երեխայից և ժամանակ առ ժամանակ բախվու՞մ եք այն խնդրին, որ ձեր դպրոցականը հրաժարվում է դաս սովորել։
Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցը կարող է օգտակար լինել այսպիսի իրավիճակները ճիշտ գնահատելու և բուռն արձագանքներով երեխայի հետ հարաբերություններում անջրպետ չառաջացնելու համար։
Եվ այսպես, ի՞նչ անել, եթե երեխան հրաժարվում է դաս սովորել՝ համենայնդեպս այն չափով ու այնպես, ինչպես կուզենայիք դուք, և ինչու՞ է գալիս այս փուլը․․․
Ա․ Վարդանյան – Միշտ արդիական հարց է, և բոլոր այն ծնողները, որոնք ունեն դպրոցականներ, դպրոցական 12 տարիների ընթացքում ինչ–որ մի փուլում բախվում են երեխայի դասերը սովորելու, հասկանալու հարցերի հետ։ Ընդունված է համարել, որ միջին դպրոցից սկսած՝ երեխաների մոտ առաջանում են դժվարություններ։ Սա մի քանի հանգամանքով է պայմանավորված։
Նախ՝ միջավայր են փոխում երեխաները․ կրտսեր դպրոցի շատ խաղային, իրենց համար սովորական դարձած միջավայրից անցում են կատարում մի նոր միջավայր, որտեղ կան նոր առարկաներ, նոր բովանդակություն, նոր ուսուցիչներ, քանակապես էլ են ուսուցիչները փոխվում, և բնականաբար նրանց հետ հաղորդակցվելու, նոր պայմանները ընդունելու համար երեխաներին ժամանակ է պետք։ Եվ նախորդ տարիների համեմատ՝ իրենցից ավելի շատ ջանք ու եռանդ է պահանջվում ուսումնական նյութը յուրացնելու համար։ Այստեղ դժվարությունը նորությանը հարմարվելու և էդ նորության հետ գործ ունենալու հետ է կապված։
Բացի այդ, հենց այս ժամանակ են երեխաները թևակոխում դեռահասության փուլ, որտեղ արդեն իրենց համար ուսումը, որպես այդպիսին, առաջնային կարևորության հարց չէ, և իրենց համար ավելի կարևոր են դառնում իրենց ընկերների հետ փոխհարաբերությունները, իրենց տեղն ու դերը խմբում, սեփական կարողությունների բացահայտումը․ ի՞նչ կարող են անել հասակակիցների միջավայրում և ի՞նչ չեն կարող, որքանո՞վ են ընդունված հասակակիցների խմբում և նման այլ հարցեր։ Եվ այս հարցերն ավելի արդիական են դառնում իրենց համար, քան ուսումնական գործընթացը։ Սա էլ կարող է դառնալ պատճառ, որ երեխաները դժվարություն ունենան սովորելու, նյութը հասկանալու և պատրաստելու հետ։
Կարող են լինել նաև արժեզրկման փուլեր, երբ երեխան ուղղակի չհասկանա, թե այս կամ այն գիտելիքը, ֆիզիկայի կամ քիմիայի այս կամ այն բանաձևը, երկրաչափության ինչ-որ աքսիոմներ ի՞նչ կապ ունեն իր առօրյա կյանքի հետ, որովհետև իրենք կապն ուղղակիորեն են ուզում տեսնել իրենց կյանքում․․․
Շարունակությունը՝ զրույցում։



