Ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն էր։ Այս և տարբեր այլ խնդիրների բարձրաձայնմանն ուղղված օրերը գալիս, անցնում են, խնդիրները մնում են։ Մեր հյուրը՝ «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մասնագիտությամբ լոգոպեդ Արմինե Ավագյանը, աշխատում է խոսքի և հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ, այդ թվում նաև՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ։
Ա․ Ավագյան-Այո, օրը գալիս և գնում է, և մնում են ապրումները միայն այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են աուտիզմի հետ։ Մյուսների համար դա լրահոսում տող է, որն իրենք լսում են և կարող է այդ պահին հիշեն ինչ-որ հարազատի երեխայի կամ համադասարանցու․ ինչ-որ մեկին հիշեն ու անցնեն։ Իրականում շատ դժվար է այն մարդկանց համար, ովքեր ապրում են աուտիզմի հետ, և ինչ խոսք, դժվար է նաև այն մասնագետների համար, ովքեր առնչվում են աուտիզմի հետ իրենց ամենօրյա աշխատանքում, որովհետև աուտիզմի հետ առնչվել չի նշանակում առնչվել միայն փոքրիկների հետ կամ մեծահասակների հետ, ովքեր ունեն այդ խնդիրը, այլ նշանակում է աշխատել այդ մարդկանց ընտանիքների հետ։ Հայկական իրականության մեջ դա չի սահմանափակվում միայն հայրիկ-մայրիկով, երբեմն այդ պրոցեսի մեջ ներգրավվում են ընտանիքի մեծ անդամները՝ տատիկները, պապիկները, և բոլորի մտահոգությունների հետ դու պիտի աշխատես, բոլորին հուզող հարցերին պիտի պատասխանես, բոլորի նշած հաջողություններով պետք է ուրախանաս, այսինքն՝ ավելի լայն է քո աշխատանքի շրջանակը և չի սահմանափակվում միայն երեխայի հետ անցկացրած այս կամ այն ժամանակահատված տևած պարապմունքով։
Օրը վերջին տարիներին է նշվում։ Տասնամյակներ առաջ, երբ ես ավարտեցի համալսարանը, առհասարակ աուտիզմ հասկացությունը, որպես էդպիսին, մեր դասախոսություններում էլ չկար, և ես համալսարանն ավարտել եմ առանց իմանալու՝ ինչ ասել է վաղ մանկական աուտիզմ, ինչ ասել է աուիտիզմ և ինչ ասել է լոգոպեդական աշխատանք այս երեխաների հետ։ Հազվադեպ երեխաներ կային մեր շրջապատում, որոնք ունեին այդ խնդիրը, և որոնց ծնողները մտահոգված էին այդ խնդրով, բայց նրանց ախտորոշումն անգամ նոր-նոր էր սկսում Հայաստանում ձևավորվել։ Այսօր այն մասշտաբայնությունը, որ աուտիզմ հասկացությունն ունի, մի կողմից տխրեցնող է, մի կողմից՝ ուրախացնող։ Տխրեցնող է, որովհետև ահագնացող թվերի է հասնում աուտիզմի տարածվածությունը, և ուրախացնող է, որովհետև այդ մասին խոսում են։ Որևէ խնդրի հաղթահարման համար շատ կարևոր է, որ այդ մասին խոսեն։
Ուղղակի ինձ մտահոգում է, որ աուտիզմի իրազեկման օրը անգա՛մ մասնագետները կարող են սահմանափակվել իրենց՝ աուտիզմ ունեցող այցելուի հետ լուսանկարվելով և դա սոցիալական մեդիայում տեղադրելով։ Այդ օրը մարդիկ կարող են ուղղակի փազլով ժապավեն դնել իրենց էջում՝ համարելով, որ իրենք իրազեկեցին աուտիզմի մասին։ Ըստ իս՝ այս խնդիրն ավելի խորքային իրազեկման կարիք ունի, որովհետև, միանշանակ, ծնողները, ովքեր ունեն ավելի մեծահասակ երեխաներ, առնչվել են ախտորոշման հետ, գնում են թերապիաների, արդեն բավականին իրազեկված են, բայց այս օրը պիտի թիրախավորենք առավել ա՛յն երիտասարդներին, ովքեր նոր են ծնող դառնում կամ արդեն ծնող են, և իրենց պետք է շուտափույթ այդ խնդրի մասին լսել։
Հարց-Ո՞ր դեպքում հասկանալ, որ երեխան այս խնդիրն ունի։
Ա․ Ավագյան-Ես հիմա կթվարկեմ վաղ նախանշանները։ Դրանք այլ կերպ գրականության մեջ անվանվում են «կարմիր լույսեր», այսինքն՝ ահազանգեր, որոնց դեպքում ծնողը պետք է մտածի մասնագետի մոտ գնալու մասին։ Առհասարակ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները երեք հիմնական ոլորտներում են ունենում դժվարություններ՝ սոցիալական փոխազդեցության ոլորտում, զգայական ոլորտում և վարքային ոլորտում։
Սոցիալական փոխազդեցության ոլորտում այս երեխաների խնդիրները դրսևորվում են հետևյալ կերպ։ Երեխան չի արձագանքում անվանը, ծնողների մոտ տպավորություն է, որ նա վատ է լսում․․․
Շարունակությունը՝ զրույցում:



