Բոլորիս կյանքում կան ճամփաբաժաններ, որոնք, ելնելով ճանապարհի ընտրությունից, կարող են ճակատագրական լինել։ Այդպիսի կարևոր ընտրություններից մեկն էլ մասնագիտության ընտրությունն է, որը երբեմն սահուն և անխոչընդոտ է լինում թե՛ պատանու, թե՛ ծնողների համար, երբեմն էլ՝ բարդ և դժվարություններով լի։ Ինչպե՞ս պետք է աջակցեն ծնողներն իրենց զավակներին, ի՞նչ չպե՛տք է անեն և, հակառակը, ի՞նչ պե՛տք է անեն այս փուլում։ Այս հարցերի շուրջ է զրույցը հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։
Եվ այսպես՝ ծնողների աջակցությունը մասնագիտական կողմնորոշման դժվար ժամանակ և դժվար գործում։
Ա․ Վարդանյան — Ամենահստակ «չպետք է»-ն այն է, որ իրենց չիրականացած երազանքները չփաթաթեն երեխաների վրա։ Բայց, ավելի լավ է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ պե՛տք է անեն ծնողները։ Պետք է փորձեն ավելի ուշադիր լինել երեխայի ցանկությունների, հետաքրքրությունների, կարողությունների նկատմամբ և օգնեն երեխային, որպեսզի ինքն էլ կարողանա բացահայտել և տեսնել իր այդ կարողությունները, որովհետև մենք մեր տարիքի բարձունքից կարող ենք գնահատել ինչ-որ մասնագիտությունների առավելություններն ու թերությունները, և այդտեղ էլ մեր նախասիրություններն ու հետաքրքրություններն իրենց ազդեցությունն ունեն, ինչը երեխաների մոտ էականորեն տարբեր կարող է լինել․․․



