Ծնողավարման մասին հոգեբանների և մանկավարժների տարբեր զրույցներում, հոդվածներում, աշխատություններում, երբ խոսքը վերաբերում է գիտակից ծնողավարմանը, շատ հաճախ դրա առաջնային նպատակ է սահմանվում ինքնուրույն մարդ ձևավորելը։
Իսկապե՞ս կարելի է ասել, որ ինքնուրույն մարդ մեծացնելը գիտակից ծնողավարման գերնպատակն է, և որո՞նք են ինքնուրույն մարդ ձևավորելու ճանապարհին խոչընդոտները հե՛նց ծնողների համար։ Այս հարցերն ենք քննարկում հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։
Ա․ Վարդանյան – Իրականում, այո՛, դրական, գիտակցված ծնողավարության հիմնական նպատակն այն է, որ մենք արդյունքում ունենանք ձևավորված մարդ, որը կարող է կյանքում ինքնուրույն կողմնորոշվել, գործել, որոշումներ կայացնել, իր արարքների համար պատասխանատվություն կրել, և դրական ու գիտակցված ծնողավարման բոլոր քայլերը, գործիքները, մոտեցումները հենց դրան էլ պիտի ուղղված լինեն։
Հարց – Երբ աշխատում եք ծնողների հետ, որոնք Ձեզ մոտ են եկել ինչ–ինչ խնդիրներով, ուզում են ինչ–ինչ հարցեր պարզել, լուծել, զգու՞մ եք, որ, օրինակ, հայրիկներն ու մայրիկները սա՝ ինքնուրույն մարդ ձևավորելը, որպես նպատակ տեսնում են։
Ա․ Վարդանյան – Ցավով պիտի ասեմ, որ՝ ոչ։ Ծնողները հիմնականում ուզում են, որ երեխաները միշտ ավելի շատ իրենց կպած լինեն և որոշումներ կայացնելուց առաջ ավելի շատ նայեն իրենց։ Եվ այստեղ պիտի երկու մասի տարանջատենք ինքնուրույնությունը։ Ինչ վերաբերում է ինքնասպասարկման հմտություններին, ինքնուրույն որոշակի գործղություններ անելուն, դասերը սովորելուն, սենյակը կարգի բերելուն և այլն, ծնողները միայն երջանիկ են, որ երեխաներն ինքնուրույնություն ունեն և կարողանում են իրենց հարցերը լուծել, բայց ինչ վերաբերում է ինքնուրույն մտածելուն և ըստ այդ մտքերի գործելուն, այստեղ ծնողները շատ անհանգիստ են, տագնապում են, և ուզում են, որ ինքնուրույնությունն այստեղ լինի իրենց վերահսկողության սահմաններում։
Շարունակությունը՝ զրույցի մեջ:



