Եթե բնության զարմանահրաշ երևույթների բացահայտումները շարունակում են ձեզ հետաքրքրել, ուրեմն կարող եք մի գավաթ էլ տաք թեյ վերցնել ու լսել այսօրվա մեր թողարկումը։ Հաստատ հետաքրքիր է լինելու։
Այսօր խոսելու ենք մի երևույթի մասին, որն ամեն տարի աշնանը մեզ հիացնում է և նույնիսկ գերում ․․․դե․․․կասեի, որ մեր աչքերը հաստատ շոյվում են։ Երևույթը կարող է նաև մի փոքր տխրեցնել․ քանի որ խոսքը տերևաթափի մասին է, և իհարկե այն մասին, թե ինչպես են զանազան ծառերի կանաչ տերևները վերափոխվում նարնջագույնի, դեղինի կամ կարմրին են տալիս․․․․
Աշունն արդեն սկսել է տերևները ներկել գեղեցիկ գույներով և փողոցներն ու մայթերը վերածել գունագեղ կտավի։ Տպավորություն է՝ կարծես բնությունը որոշել է իր վերջին խայտաբղետ խնջույքը կազմակերպել ձմեռային երկար քնից առաջ։
Ինչո՞ւ են տերևները փոխում իրենց գույնը հենց աշնանը: Մի՞թե սա չէր կարող տեղի ունենալ, ասենք, գարնանը կամ նույնիսկ ամռանը։ Գուցե ծառերը պարզապես որոշել են փոխե՞լ իրենց ոճը, դե օրինակ հոգնել են կանաչից և տրվել են տաք երանգների ոճային միտումներին։ Իսկ կարո՞ղ է պատահել, որ տերևները քողարկման իսկական վարպետներ են և փոխում են իրենց գույնը, որպեսզի սնկերը չհասկանան, որ գրոհելու ժամանակն է։
Ոմանք կատակում են, որ սա ուշադրություն գրավելու ձև է․ ինչպես մենք, ծառերը նույնպես ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել, հատկապես մինչև ցուրտ եղանակների գալը: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ սա նշան է, որ մոտենում է տարվա մի կախարդական եղանակ, երբ բնությունը պատրաստվում է ինչ-որ մի հրաշքի, ճիշտ ինչպես հեքիաթում։
Բայց մենք, իհարկե, կողմ ենք գիտական բացատրություն լսելուն: Մի տեղ կարդացել եմ, որ տերևները պարզապես «հոգնել են աշխատելուց»՝ ամբողջ տարին նրանք լույս են կլանել, էներգիա են արտադրել և հիմա, վերջապես, որոշել են հանգստի գնալ։ Եվ, ինչպես յուրաքանչյուր լավ աշխատող, նրանք նույնպես ունեն «արձակուրդի» իրավունք։ Գույնի փոփոխությունն էլ իրենց հանգստի ձևն է:
Իրականում ինչպե՞ս է բացատրվում այս աշնանային երևույթը։ Հարցին պատասխանելու համար զրուցել եմ կենսաբան Ալեքս Խառատյանի հետ։ Նրա օգնությամբ կպարզենք, թե ի՞նչ է տեղի ունենում տերևների բջիջներում, երբ նրանք սկսում են «հագնել» իրենց վառ հանդերձանքը, և ինչո՞ւ է ծառերին դա ընդհանրապես անհրաժեշտ:



