Փոքրիկ բացահայտում

Բացահայտելով Եգիպտական բուրգերի գաղտնիքները․ «Փոքրիկ բացահայտում»

Եգիպտական բուրգերի ու դրանց շուրջ տարածված առեղծվածների մասին, վստահաբար, լսել եք: Բայց արդյոք  դրանց ստեղծման գաղտնիքները բացահայտե՞լ եք ամբողջությամբ։ 

Այսօր միասին կբացահայտենք, թե վերջին շրջանում ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել այս առեղծվածային թեմայի շուրջ:

Պատկերացրեք՝ գիտնականներն ասում են, որ վերջապես գտել են ոչ միայն ավելի քան 4,000 տարի առաջ հին եգիպտացիների կառուցած և  համաշխարհային ճանաչում ունեցող Գիզայի բուրգերի, այլ նաև մյուս 30 եգիպտական բուրգեր գաղտնիքները։

Ուզում եմ, մեկ անգամ ևս, միասին՝ մեր մտքում հիշենք, թե բուրգերը ինչպիսի կառույցներ են։ Դրանք, ինչպես արդեն նշեցինք, կառուցված են հսկա քարե բլոկներից, որոնցից շատերը տոննաներ են կշռում։ Ու հարց է առաջանում․ ինչպե՞ս են դրանք տեղափոխվել այդքան հմտորեն ու ճշգրտությամբ։Չէ՞ որ այն ժամանակներում մարդիկ չունեին զարգացած տեխնիկա կամ հզոր մեքենաներ։ 

Ժամանակակից գիտնականներն ու հետազոտողները կարծում են, որ այս հարցի պատասխանը թաքնված է հողի տակ։ Վերջին տարիներին Ամերիկայի Հյուսիսային Կարոլինա նահանգի Վիլմինգթոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի հին ու կորած գետ՝ Նեղոսի մի ճյուղ, որը հազարավոր տարիներ առաջ հոսել է հենց այնտեղով, որտեղ հիմա կանգնած են եգիպտական բուրգերը։ Նրանք դրանց անվանել են «Ահրամատ», ինչը արաբերեն «բուրգեր» բառից է։

Հիմա գետն ամբողջությամբ ծածկված է անապատով և գյուղատնտեսական հողերով, այսինքն այն այլևս գոյություն չունի, բայց հետազոտողները կիրառելով հատուկ արբանյակային ռադարներ, պատմական քարտեզներ ու հողից նմուշառման տեխնոլոգիաներ փորձել են պարզել, թե որտեղո՞վ է նախկինում հոսել գետը։ 

Պարզվել է, որ «կորած» գետի երկարությունը եղել է մոտ 64 կիլոմետր, իսկ լայնությունը 200-ից մինչև 700 մետրի է հասել։ Սա, ըստ հետազոտողների, բավական էր, որ նավերը կարողանային մեծ քարեր տեղափոխել A կետից B կետ։

Ամենահետաքրքիրը, սակայն, դեռ առջևում է։ Այդ գետի երկայնքով տեղակայված են հենց այն 31 բուրգերը, որոնք կառուցվել են 4700-ից 3700 տարի առաջ։ Սա նշանակում է, որ գետի հոսքը հին եգիպտացիները կարող էին օգտագործել խոշոր քարերը կամ  բլոկները տեղափոխելու համար։

Պատկերացրեք՝ ոչ թե հարյուրավոր մարդիկ քաշում են այդ քարերը անապատով, այլ գետի ուժեղ հոսանքն է օգնում նրանց  դա անել։ Խելացի լուծում է, չէ՞։ Հենց այդ պատճառով էլ  գիտնականները համոզված են, որ գետը վճռական դեր է ունեցել բուրգերի կառուցման գործում։

Այս բացահայտումը մեզ նաև օգնում է հասկանալ, թե ինչո՞ւ են այդքան շատ բուրգեր կառուցվել նույն տարածքում՝ Գիզայից մինչև Լիշտ ընկած հատվածում։ Այն ժամանակ դա անապատ չէր, այլ զարգացած ու ջրային հարուստ  պաշարներով հսկայական տարածք։

Այսօր Ահրամատը այլևս գոյություն չունի․ հազարավոր տարիներ առաջ ուժեղ երաշտի և ավազամրրիկների պատճառով այն թաղվել է ավազի տակ։ Սակայն ժամանակակից հնագիտական  հետազոտությունների շնորհիվ այսօր կարող ենք պատկերացնել այն, ինչ անհետացել է հազարամյակներ առաջ։

Եգիպտական բուրգերի շուրջ վերջին գիտական նորություններին և դրանց պատմությանը ծանոթանալու համար լսեք «Փոքրիկ բացահայտման» այսօրվա թողարկումը։

Ցուցադրել ավելի
Back to top button