Այսօր շատերս ենք կապվել արհեստական բանականության հետ. ժամանակակից գործիք, որը մեր կյանքն ավելի է հեշտացնում։ Ինքս՝ գրեթե ամեն օր օգտագործում եմ արհեստական բանականության տարբեր գործիքներ։ Եթե անկեղծ՝ այս պահին չեք էլ կարող տարբերակել՝ տեքստը, որը հիմա ասում եմ, գեներացվա՞ծ է արհեստական բանականության կողմից, թե՞ ոչ։
Այսօրվա մեր թեման արհեստական բանականությունն է։ Ու չնայած այն շատ արագ է զարգանում, ու այսօրվա նորը վաղն արդեն կարող է հին լինել, բայց, այնուամենայնիվ, միասին բացահայտենք վերջին նորությունները։ Զրույցին կմասնակցի նաև արհեստական բանականության բաժնում ավագ ծրագրավորող, Հայաստանի Ամերիկյան համալսարանի տվյալագիտության բաժնի շրջանավարտ Էլինա Իսրայելյանը։
Երբևէ «խնդրում եմ» կամ «շնորհակալ եմ» ասե՞լ եք ChatGPT-ին կամ որևէ այլ արհեստական բանականությանը։ Գուցե թվա, թե սովորական քաղաքավարություն է։ Բայց հարց է առաջանում՝ ինչու՞ ենք քաղաքավարի խոսում հույզեր ու գիտակցություն չունեցող ChatGPT-ի հետ, և ինչքա՞ն է այն արժենում OpenAI ընկերության վրա։
Վերջերս OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը X սոցիալական հարթակում խոստովանել է, որ «խնդրում եմ» և «շնորհակալություն» արտահայտությունների օգտագործումը ընկերության վրա թանկ է նստում։
Պարզվում է նաև, որ մարդկանց մեծ մասը զգուշանում է արհեստական բանականությունից։ Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ 67%-ը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ մոտ 71%-ը նշել են, որ քաղաքավարի են շփվում արհեստական բանականության հետ՝ վախից դրդված։ Նրանք մտածում են, որ ապագայում, երբ արհեստական բանականությունը կգրավի աշխարհը, գուցե չարամտորեն հիշի, որ տվյալ օգտատերը ինչ-որ ժամանակ անքաղաքավարի է իրեն պահել։
Էլինա Իսրայելյանը ChatGPT-ի հետ այս քաղաքավարի շփումները բացատրում է նրանով, որ այս մեթոդով արհեստական բանականությունը ավելի է մոտենում բնականին կամ, այլ կերպ ասած՝ մարդկայինին։ Եվ արի ու տես, որ այն աշխատող մեթոդ է։
Արհեստական բանականության շուրջ վերջին նորություններից է նաև Canva ընկերության կողմից ներկայացված Visual Suite 2.0 փաթեթը, որի մեջ ներառված են մի քանի շատ հետաքրքիր գործիքներ։ Դրանցից են, օրինակ՝ արհեստական բանականությամբ ծրագրավորման կոդ գրող գործիք, ձայնով աշխատող AI օգնականը, խելացի աղյուսակներ ստեղծող համակարգը և այլ հնարավորություններ։ Էլինային հարցրել ենք նաև հենց այս մասին, քանի որ եթե արհեստական բանականությունը արդեն իսկ կարող է գրել ծրագրավորման լեզվով, արդյո՞ք այն վախենալու չէ, որ նրանց գործը ևս կասկածի տակ կդրվի։
Արհեստական բանականությունը մեզ համար նոր է և շատ արագ զարգացող։ Եվ ինչպես նշում է Էլինան՝ մենք դառնում ենք արհեստական բանականությանը ուղղորդողներ, որպեսզի այն ճիշտ գործի։
Ընդհանրապես մարդիկ նոր երևույթներից կարծես միշտ են վախ ունեցել։ Վերջերս BBC-ն հրապարակել էր 1966 թվականից արխիվացված մի տեսանյութ, որտեղ երեխաներին հարցնում են, թե ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2000-ականներին։ Երեխաների մեծ մասը նշում էին՝ համակարգիչներն ու ավտոմատացումը տիրելու է աշխարհը։
Էլինայի հետ փորձել ենք նաև բացահայտել, թե ինչ մտացածին միֆեր են պտտվում արհեստական բանականության շուրջ։ Եվ վերջում Էլինայի հետ նաև անդրադարձել ենք արհեստական բանականության կողմից առաջացած էթիկական խնդիրներին։



