Մենք մի քանի անգամ խոսել ենք մեր ժամանակներում երաժշտության մեջ արհեստական բանականության կիրառման մասին և այսօր նույնպես ուզում եմ խոսել այդ թեմայի շուրջ։ Բայց ի տարբերություն անցյալ անգամների, կփորձեմ խոսել մեր, հայկական իրականությունում ստեղծվող ԱԲ երգերի մասին։
Գտա հետաքրքիր մի քանի բան ու դրանցից մի երկուսն ուզում եմ ձեզ ներկայացնել։ Բավական համարձակ, ասելիքով, բարձր ճաշակով մի նախագիծ, որը, կոչվում է AR. BAN. EAK. Project։ Հենց այդ նախագծից էլ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի երգ, որը ստեղծված է մեր մեծանուն պոետներից մեկի՝ ընդամենը 22 տարի ապրած Միսաք Կարապետի Մեծատուրյանի (որին բոլորս գիտենք որպես Միսաք Մեծարենց) բանաստեղծության հիման վրա և կոչվում է ինչպես և բնագիրը՝ «Առտվան Արևին մեջ»։
«Մեխակներս» քաղաքային ֆոլք համարվող երգը շատերդ պիտի որ լսած լինեք, կամ գոնե ձեր ականջով տասնամյակների ընթացքում ընկած կլինի․․․սկզբից այն երգում էր վաղամեռիկ Կամո Հովհաննիսյանը, հետո երգեց Բղդոն, իսկ հիմա էլ համացանցում տեղադրված է դրա քավըրը ջազ ոճում, ճիշտ է, նշված չի, որ արհեստական բանականությամբ է հավաքված, բայց և հասկանալի է ու զգացվում է, որ հենց այդպես է լույս աշխարհ եկել ու ձայնագրվել։
Լսենք էլի մի շատ տարածված հայերեն երգի այսպես ասած՝ ԱԲ քավըր տարբերակ, մի գործ, ի սկզբանե հնչած ներկայումս Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակից Տիգրան Ժամկոչյանի կատարմամբ, որը կոչվում է «Ուր որ գնաս հետդ կգամ»․․․համոզված եմ՝ շատերի դեմքին հիմա ժպիտ խաղաց և լավ հիշում եմ մի օգտատիրոջ անկեղծ մեկնաբանությունը, որում նա նշել էր՝ «Էս երգը սիրում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ռաբիզի սիրահար չեն»։ Երևի թե դրանում ճշմարտություն կա։
Ի դեպ՝ Տիգրայն Ժամկոչյանը բավական լուրջ ու հիմնավոր երաժշտական կրթություն ստացած մուլտիինստրումենտալիստ է, ասեմ ձեզ, այսինքն՝ մեկից ավել գործիքների տիրապետող և երգող։ Դե իսկ մենք իհարկե, կլսենք վկայակոչածս երգի ոչ թե օրիգինալը, այլ արհեստական բանականության օգնությամբ փոխված, խմբագրված և ուշադրություն՝ էլի ամերիկյան բլյուզի ոճում, բայց արդեն բավական ծանր հնչող տարբերակով։ Հիմա այդպես շատ են անում՝ մի ժանրի երգը դարձնում են բոլորովին այլ ժանրի ու պատկերացրեք՝ երբեմն իսկապես հետաքրքիր արդյունքներ են գրանցվում։
Քրիստ Մանարյան



