Զարթուցիչ

Երբ կանանց գաղափարները փոխում են աշխարհը. Զարթուցիչ

Ինչպե՞ս են անցնում ամռան օրերը: Վայելում եք, խաղում ու հանգստանու՞մ: Իսկ գիտե՞ք, որ ուղեղը էներգիա է ծախսում նույնիսկ ոչինչ չանելու ժամանակ: Նույնիսկ, երբ հանգստանում ես, ուղեղը օգտագործում է մարմնի էներգիայի մոտ 20%-ը։ Այսինքն՝ այն իրականում երբեք չի հանգստանում: 

Օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունիսի 23-ին, նշվում է Ճարտարագիտության ոլորտում կանանց միջազգային օրը։ «ճարտարագետների մասին լսելիս»՝ շատերիս գլխում նախ հայտնվում է տղամարդու կերպար՝ սաղավարտով, գծագրերով և բարդ սարքավորումներով։  Բայց ժամանակակից աշխարհում  իրականությունն այլ է․հազարավոր կանայք նախագծում են կամուրջներ, ստեղծում տիեզերական սարքեր, մշակում արհեստական բանականության համակարգեր, ղեկավարում խոշոր տեխնոլոգիական ընկերություններ և լուծում այնպիսի խնդիրներ, որոնցից կախված է միլիոնավոր մարդկանց կյանքը։

Ճարտարագետ կանանց հատուկ օր նվիրելու գաղափարը ծնվել է ոչ միայն նրանց ձեռքբերումները նշելու, այլև՝ ուշադրություն հրավիրելու այն փաստին, որ տեխնիկական և ինժեներական ոլորտներում կանայք նույնպես ակտիվ են ու դեռևս, ցավոք, ամբողջությամբ ներկայացված չեն։

Շատ երկրներում աղջիկները վաղ տարիքից լսում են, թե որոշ մասնագիտություններ «ավելի շատ տղաների համար են»։ Այդ կարծրատիպերը հաճախ դառնում են անտեսանելի պատնեշներ, որոնք խանգարում են երիտասարդ աղջիկներին՝ ընտրել իրենց հետաքրքրություններին համապատասխան մասնագիտություն։

Բայց պատմությունը ցույց է տալիս, որ կանայք միշտ էլ եղել են գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջնագծում։ Օրինակ՝ աշխարհում առաջին համակարգչային ծրագրավորողը համարվում է Ադա Լավլեյսը։ Դեռևս 19-րդ դարում, երբ համակարգիչներ գոյություն չունեին, նա նկարագրեց այն գաղափարները, որոնց վրա հետագայում հիմնվեց ծրագրավորումը։

20-րդ դարում Հոլիվուդի ամենահայտնի ու գեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Հեդի Լամարը, պատերազմի տարիներին մասնակցեց մի գաղտնի տեխնոլոգիայի ստեղծմանը։ Նա հորինեց ռադիոալիքների մի համակարգ, որ թշնամին չկարողանա որսալ կամ խլացնել զինվորական տորպեդների ազդանշանը։ Այսօր հենց այդ գաղտնի կոդի հիմքի վրա են աշխատում մեր Wi-Fi-ը, Bluetooth-ն ու GPS-ը։ Շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ իրենց սմարթֆոնների հիմքում ընկած են հոլիվուդյան մի դերասանուհու հանճարեղ գաղափարները: 

Իսկ եթե նայենք տիեզերքի ուսումնասիրությանը, ապա այստեղ ևս կանանց ներդրումը հսկայական է։ ՆԱՍԱ-ի բազմաթիվ նախագծերում առանցքային դեր են ունեցել կին մաթեմատիկոսներն ու ինժեներները, որոնց հաշվարկները հնարավորություն են տվել մարդկանց հասնել տիեզերք և անվտանգ վերադառնալ Երկիր:

Այսօր ինժեներությունը միայն գործարանների ու մեքենաների մասին չէ։ Այն թաքնված է մեր ամեն քայլափոխին։ Երբ բացում ենք մեր սիրելի բջջային հավելվածը, անցնում ենք կամրջով, նստում ենք ինքնաթիռ կամ միացնում տան խելացի համակարգերը, հիշեն՛ք, որ այդ ամենի հետևում կանգնած են տաղանդավոր ճարտարագետները։ Ու կարևորն այն է, որ այսօր այդ բարդ աշխարհում օրեցօր ավելի ու ավելի շատ աղջիկներ ու կանայք են հայտնվում, ովքեր փոխում են մեր մոլորակը։ 

Վերջին տարիներին բազմաթիվ երկրներում իրականացվում են ծրագրեր, որոնք նպատակ ունեն խրախուսել աղջիկների մասնակցությունը STEM ոլորտներին՝ գիտությանը, տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը և մաթեմատիկային։ 

Հավանաբար ձեր դպրոցում ևս կազմակերպվում են ռոբոտաշինության խմբակներ, ծրագրավորման դասընթացներ, իսկ դպրոցից դուրս՝ բազմաթիվ են գիտական ճամբարներն ու մրցույթները, որտեղ աղջիկները կարող են բացահայտել իրենց կարողությունները և համոզվել, որ տեխնոլոգիական աշխարհում իրենց համար ևս տեղ կա։

Սակայն կարևոր է հասկանալ, որ այս օրվա հիմնական նպատակը կանանց և տղամարդկանց համեմատելը չէ։ Խոսքը հնարավորությունների հավասարության մասին է։ Երբ հասարակությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու զարգացնել իր տաղանդը՝ անկախ սեռից, բոլորը շահում են։ Գիտությունը շահում է նոր գաղափարներ, տնտեսությունը՝ նորարար լուծումներ, իսկ հասարակությունը՝ ավելի արդար և հավասարակշռված զարգացում։

Ցուցադրել ավելի
Back to top button