Տնային աշխատանք

Բացառիկ արքայի բացառիկ դասերը․ Տնային աշխատանք

Այս անգամ զրույցի թեման Հայաստանում Արշակունյաց արքայատոհմի հիմնադրումն է՝ ըստ Մովսես Խորենացու։
Ըստ ժամանակակից պատմագիտության, Արշակունիների արքայատոհմի՝ Հայաստանում կառավարման տարեթվեր են համարվում 66-ից 428թթ։
Այս արքայատոհմի հիմնադրման հարցում տարբերություն կա․ ժամանակակից պատմագիտության մոտեցումը փոքր-ինչ այլ է, մեր միջնադարյան պատմիչների մոտեցումը՝ այլ։ Այսօր կխոսենք արքայատոհմի հիմնադրման Խորենացու վարկածի մասին։
Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ տեղեկացնում է, որ Արշակունյաց արքայատոհմի առաջին արքան Հայաստանում եղել է Վաղարշակ Պարթևը, որը Պարթև Արշակ Մեծ թագավորի կրտսեր եղբայրն է եղել։ Այս արքայի կառավարման տարեթվերը, ըստ Խորենացու, բաժին են ընկնում Ք․ա247-225թթ։ Հետագայում պատմաբանները փորձել են ճշգրտել նրա կառավարման թվականները/Մանանդյան, Չամչյան/, անգամ վարկած կա, որ Վաղարշակը հավաքական կերպար է։
Շատ հետաքրքիր է, թե ինչպես է ներկայացնում նրան Խորենացին։ Այն առումով է հետաքրքիր, որ ըստ Խորենացու, սա թագավորի մի բացառիկ կերպար է եղել, որի մասին այսօր, ցավոք, տարբեր պատճառներով, գուցե նաև դասագրքում տեղ չգտնելու պատճառով, մենք մոռացել ենք։ Մինչդեռ արժե հիշել նրան։
Խորենացին գրում է, որ նա, լինելով Պարթև և թագավորելով Հայաստանում, վերականգնում է իրենց պաշտոնների և տիտղոսների մեջ Հայկի սերունդներին։ Սա բացառիկ դեպք է, որովհետև պատմությունից մենք հիմնականում գիտենք թագավորների, որոնք գահ բարձրանալով օտար երկրում, այլ նպատակներ են հետապնդել, իսկ Վաղարշակ Պարթևը, չլինելով ազգությամբ հայ, այլ խնդիրների է հետամուտ եղել։
Մյուս բացառիկ բանը, որ պատմում է նրա մասին Խորենացին, այն է, որ հենց Վաղարշակ Պարթևի նախաձեռնությամբ է տեղի ունենում այն աղբյուրների հավաքագրումը, որի հիման վրա էլ հետագայում ինքը՝ Խորենացին, գրում է իր «Հայոց պատմությունը»։ Վաղարշակ Պարթևը, ցանկանալով իմանալ, թե ովքեր են իրենից առաջ կառավարել Հայաստանում, Մար Աբաս Կատինա անունով ասորի մի գիտնականի ուղարկում է իր եղբոր մոտ, որպեսզի Բաբելոնի արխիվներից դուրս բերի Հայոց պատմությունը և աղբյուրներ, որոնք կարող են հետաքրքիր լինել հայոց պատմության տեսանկյունից։ Շատ կարևոր փաստ է, որովհետև դարձյալ պատմությունից մենք գիտենք շատ այլ արքաների, որոնք նպատակ են ունեցել իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին ուծացնել, այնպես անել, որ նրանք մոռանան իրենց ինքնությունը, իսկ Վաղարշակ Պարթևի պարագայում ականատես ենք լինում հակառակ մոտեցման։
Եվս մեկ հետաքրքիր փաստ․ Խորենացին գրում է, որ Վաղարշակը նախ կարգավորում է ինքն իրեն և իր տունը։ Սա շատ հետաքրքիր փաստ է, որովհետև ցանկացած ռեֆորմի հետևում պետք է կանգնած լինի այն մարդը, որը այդ արժեքների կրողն ու դավանողն է, որպեսզի այդ ռեֆորմները հաջողություն ունենան։ Եվ Վաղարշակ Պարթևը հենց այդպես էլ անում է՝ ինքն իրենից է սկսում բարեփոխումները։
Դե, իսկ Վաղարշակ Պարթևի «հիշեցուցանողների» ինստիտուտը շատ պետք է բոլոր նրանց, ովքեր կհայտնվեն իշխանության ղեկին, նաև՝ մեր օրերում։

Ցուցադրել ավելի
Back to top button