Տնային աշխատանք

Աշոտ Ա Բագրատունի․ լեգիտիմ թագավորը

Աշոտ Առաջինը հայոց պատմության ամենանշանավոր կերպարներից մեկն է։ Նա 885 թվականին Հայաստանում վերականգնեց անկախ պետականությունը, որը  428 թվականից ի վեր կորսված էր։ Աշոտ Առաջինի կերպարը հատկապես վառ ներկայացրել է Հովհաննես Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ։

Աշոտ Առաջինը դեռևս 855 թվականին արաբական իշխանության կողմից ստանում է հայոց սպարապետի և իշխանի պաշտոնները, ինչը ենթադրում էր հարկահանության գործառույթի փոխանցում հայ նախարարին։ 862 թվականին նա ճանաչվում է հայոց իշխանաց իշխան, 869 թվականին, երբ նրա այս քաղաքական վերելքը  ընթացքի մեջ էր, հայ իշխանները կաթողիկոս Զաքարիա Ձագեցու գլխավորությամբ ժողով են գումարում և որոշում են նրան կարգել իրենց թագավոր։ Այս փաստը, եթե ասենք ժամանակակից տերմինաբանությամբ, նշանակում էր հռչակել քո անկախության մասին և սպասել միջազգային ճանաչման, որը նույնպես իրեն երկար սպասել չի տալիս․ 885 թվականին Բագարան քաղաքում տեղի է ունենում Աշոտ Առաջինի օծումը Գևորգ Գառնեցի կաթողիկոսի կողմից, և հենց այստեղ էլ տեղի է ունենում  նաև Աշոտ Առաջինի իշխանության միջազգային ճանաչումը, որովհետև նրան թագ են ուղարկում թե՛ Բյուզանդիայի կայսրը, թե՛  Արաբական խալիֆը։ Այսպիսով 885 թվականին Աշոտ Առաջինը, այն ժամանակվա համար միջազգային իրավունքի տեսանկյունից  և նաև ներքին համախմբման շնորհիվ, ճանաչվում է հայոց թագավոր։

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչով էր պայմանավորված Աշոտ Առաջինի  այսպիսի վերելքը, ինչու հենց նրան հաջողվեց հասնել այդ լեգիտիմությանը և դառնալ հայոց թագավոր։

Քաղաքական իշխանության լեգիտիմության հետ կապված՝ նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ Մաքս Վեբերը նշում է, որ կա երեք հիմնական գործոն, որոնք նպաստում են քաղաքական իշխանության լեգիտիմությանը։

Նախ՝ լեգիտիմությունը Մաքս Վեբերը  բացատրում է հետևյալ կերպ․ հպատակների կամ ժողովրդի համաձայնություն ենթարկվելու որևէ մարդու կամ որևէ խումբ մարդկանց՝ որպես քաղաքական իշխանության։ Այսինքն հենց այդ համաձայնությունը նա մեկնաբանում  է որպես լեգիտիմություն։ Այստեղ հարկ է նաև նշել, որ անգամ ոչ օրինական, ոչ լեգալ կերպով իշխանության հասած քաղաքական միավորը կարող է ձեռք բերել լեգիտիմություն, եթե դառնա ընդունելի ժողովրդի կողմից։

Որո՞նք են այն երեք գործոնները, որոնք Մաքս Վեբերը նշում է։

 Առաջին գործոնը ավանդույթն է․ այսինքն՝ ավանդույթի ուժը շատ կարևոր գործոն է, որպեսզի քաղաքական իշխանությունը դառնա լեգիտիմ։

Երկրորդ գործոնը, ըստ Մաքս Վեբերի, քաղաքական իշխանության կամ նրա գլխավոր առաջնորդի խարիզման է։

Եվ երրորդ գործոնն ավելի տրամաբանական, ռացիոնալ գործոնն է, երբ ժողովուրդը կամ հպատակները հասկանում են, որ տվյալ քաղաքական ուժն այն ուժն է, որը կարող է ավելի դրական կերպով կառավարել երկիրը։

Հիմա անդրադառնանք Հովհաննես Դրասխանակերտցու աշխատությանը և տեսնենք, թե արդյո՞ք քաղաքական իշխանության լեգիտիմության այս երեք գործոններն առկա էին  Աշոտ Առաջինի պարագայում:

                              

Ցուցադրել ավելի
Back to top button