Տնային աշխատանք

Հրաշագործ գեներ. Տնային աշխատանք

«Գենետիկայի գիտելիքներն են թույլ տալիս մեզ ասելու, որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է, անկրկնելի և միակը։ Երկրի վրա չկան իրար միանգամայն նման երկու մարդ։ Միաձվային երկվորյակներն են միայն, որ ունեն 99 տոկոս գենետիկական նմանություն։ Գենետիկան մեր ժամանակների առաջատար գիտություններից մեկն է, և այնքան գաղտնիքներ կան, որ դեռևս պետք է բացահայտվեն, ինչու՞ չէ՝ նաև ձե՛ր կողմից, սիրելի՛ պատանիներ», – ասում է «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանը և առաջարկում լսել զրույցը հրաշագործ գեների մասին։

Ռ․ Հարությունյան – Գենետիկան բավականին երիտասարդ գիտություն է, քանի որ գիտության համար մի քանի հարյուր տարին երիտասարդ տարիք է համարվում։ Գենետիկայի կայացման ճանապարհը հարթ չի եղել, սակայն բավականաչափ հետազոտությունների և օրինաչափությունների բացահայտումներից հետո Գրեգոր Մենդելը համարվեց գենետիկայի հայրը։ Մենդելի շնորհիվ կարողացանք ունենալ գիտություն, որը բացահայտում է գեների աշխատանքը, այդ աշխատանքի օրինաչափությունները և որը մեզ տեղեկություն է տալիս մեր հատկությունների և հատկանիշների մասին։

Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի հատված է, որը տեղեկություն է կրում մեր հատկանիշի կամ հատկության մասին։ Օրինակ՝ մազերի գույնի, աչքերի գույնի, մաշկի գույնի, մազերի գանգուր կամ ուղիղ լինելու մասին։ Զարմանալի է, բայց մեր ընդունակություններն էլ ժառանգվում են գեներով։ Օրինակ՝ երաժշտական ընդունակությունները, մաթեմատիկական ունակությունները ևս մեր գեների աշխատանքի արդյունք են։

Այն գեները, որոնք գերակայում են, այսինքն՝ ավելի ուժեղ են իրենց դրսևորման հատկանիշներով, անվանել ենք դոմինանտ, այսինքն՝ գերակշռող, գերակայող, ավելի ուժեղ կարող ենք անվանել։ Օրինակ, աչքերի գույնի մեջ գերակշռող է շագանակագույն երանգը, իսկ երկնագույնը համարվում է ռեցեսիվ, այսինքն՝ ճնշվող, որը չի կարողանում դոմինանտի առկայության պատճառով դրսևորել իր հատկությունը։

Դոմինանտ հատկանիշներ են պեպենների առկայությունը, ճաղատությունը, ցածրահասակությունը։

Իսկ արդյո՞ք մեր ներքին որակները, ասենք՝ բնավորություն, կարողություններ, ևս ժառանգվում են գեներով։ Այո, սակայն, դրանք հնարավոր է ենթարկել փոփոխության։

Այսինքն՝ կան որակական հատկանիշներ, որոնք ժառանգվում են գեներով և ենթակա չեն փոփոխության, և կան հատկանիշներ, որոնց սահմաններն են ժառանգվում, և այդ սահմանների մեջ հնարավոր է փոփոխություններ կատարել։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button