Տնային աշխատանք


Երեք կին, երեք ճակատագիր․ Տնային աշխատանք

Երևանի Հ․ Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Երկանյանի այսօրվա զրույցը 19–րդ դարավերջում և 20–րդ դարասկզբում ապրած և հասարակական գործունեությամբ աչքի ընկած երեք հայ կանանց՝ Մարի Պեյլերյանի, Ռուբինա– Սոֆյա Արեշյան–Օհանջանյանի և Դիանա Աբգարի մասին է։

Գրող, հրապարակախոս, բանաստեղծ, հասարակական գործիչ, խմբագիր Մարի Պեյլերյանը դեռևս աշակերտական տարիներից աչքի է ընկել հասարակական ակտիվությամբ։ Եղել է 1895 թվականի սեպտեմբերի 18–ին Բաբը Ալիի ցույցի կազմակերպիչներից մեկը։ 1902–1903թթ Ալեքսանդրիայում հիմնադրել է «Արտեմիս» հանդեսը, որը կանանց խնդիրներին անդրադարձող առաջին հայ պարբերականն էր։

«Ժամանակն է հաստատուն դաստիարակությամբ զորացնել մեր աղջիկների միտքն ու սիրտը, գործնական դասերով, կենդանի օրինակով նրանց գոտեպնդել և այդպես նրանց դնել կյանքի ճանապարհին,  որպեսզի փչող քամին չտանի իր ուզած կողմը և հասնող աղետները, օգտվելով նրանց թուլությունից, նրանց գետնին չտապալեն», – գրում էր Մարի Պեյլերյանը։

Ռուբինա–Սոֆյա Արեշյան–Օհանջանյանը 20–րդ դարասկզբի հայ հերոսական երիտասարդության կուռքն է եղել։ Նրա անունը կապված է 20-րդ դարի հանդուգն և աղմկահարույց գործողություններից մեկի՝ 1905 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձի կազմակերպման հետ․ նա է եղել ժամացույցով գործարկվող ռումբի կոճակը սեղմողը։

Դիանա Աբգարը աշխարհում առաջին կին դիվանագետն է, 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ճապոնիայում։ Դիանա Աբգարի ողջ կյանքը հայրենասիրության վառ օրինակ է։ Երբևէ տեսած չլինելով Հայաստանը՝ Դիանա Աբգարն իր ողջ կյանքում ծառայեց հայրենիքին։

Ցուցադրել ավելի
Back to top button