Տնային աշխատանք

Պարբերական աղյուսակի վերջին նորաբնակն ու «ամենաները»

«Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Սոնա Սիմոնյանն այս զրույցն սկսում է պարբերական աղյուսակի դատարկ վանդակներից մեկը վերջերս զբաղեցրած մի տարրի՝ Օգանեսսոնի և տարրը սինթեզողի՝ Յուրի Հովհաննիսյանի մասին պատմությամբ։ Զրույցի երկրորդ հատվածը պարբերական աղյուսակի «ամենաների» մասին է։

«Նոր ստեղծվող տարրերի պապիկ»․ այսպես է բնութագրել Յուրի Հովհաննիսյանին ամերիկացի քիմիկոսներից մեկը։ Եթե հաշվի առնենք, որ Յուրի Հովհաննիսյանի աշխատանքային խումբը 1990-ից 2010 թվականների ընթացքում ստեղծել է 113-րդ, 114-րդ, 115-րդ, 116-րդ, 117-րդ և 118-րդ տարրերը, որոնցից վերջինը ի պատիվ գիտնականի անվանվել է oganesson(Og), հաշվի առնենք, որ ականավոր գիտնականը նաև այլ նորաստեղծ տարրերի համահեղինակն է, ապա բնութագրումը միանգամայն արդարացված է։ Նույնքան արդարացված է նաև նրա մասին ասված մեկ այլ կարծիք․ «Քիչ են այն գիտնականները, որոնք բնության խաչբառում այնքան լրացում են արել, որքան Յուրի Հովհաննիսյանը»։

Մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում՝ Հովհաննիսյանների ընտանիքում։ Երբ Յուրին 2 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Հայաստան, որովհետև հայրը աշխատանքի առաջարկություն էր ստացել նոր կառուցվող կաուչուկի գործարանում։ Չնայած ծանր տարիներ էին, նախ՝պատերազմական, ապա՝  հետպատերազմյան, բայց գիտնականը Հայաստանի մասին միայն ջերմ հիշողություններ է պահպանել։

Նկարիչ հարևանը փոքրիկ Յուրիի մեջ ապագա նկարչի է տեսնում, պարապում նրա հետ, բայց երբ գալիս է մասնագիտություն ընտրելու պահը, հայրը որոշում է, որ նկարչի մասնագիտությունը բավականաչափ լուրջ չէ, և տղային առաջարկում է լուրջ կրթություն ստանալ։ Պատերազմից հետո «ֆիզիկա» գիտությունն առաջին պլանում էր, և Յուրի Հովհաննիսյանը որոշում է հենց ֆիզիկոս դառնալ։ Ընդունվում է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտ, որն ավարտում է 1956 թվականին և նույն տարում  էլ աշխատանքի է անցնում  Դուբնայի նորաստեղծ միջուկային կենտրոնում, որտեղ աշխատում է մինչև այսօր։

Մեծանուն գիտնականի կենսագրությանն արժե ծանոթանալ, այնպես որ՝ փնտրեք ու գտեք այն համացանցում։

Զրույցի երկրորդ մասում  կծանոթանանք պարբերական աղյուսակի «ամենաների» հետ։ Կիմանանք, թե որոնք են ամենածանր, ամենաթանկարժեք, ամենաթեթև, ամենախիտ, ամենապլաստիկ, ամենահազվագյուտ տարրերը։ Իսկ եթե գիտենք, ավելի լավ․ պարզապես ևս մեկ անգամ կթարմացնենք մեր գիտելիքը։

Ցուցադրել ավելի
Back to top button