Տնային աշխատանք

Վարդանանց և Վահանանց պատերազմները

Վաղարշակ Մատիկյան /պատմաբան/ – Այսօր կզրուցենք երկու կարևոր, դարակազմիկ իրադարձությունների մասին, այն է՝ Վարդանանց և Վահանանց պատերազմները 5–րդ դարում։

428 թվականին Արշակունյաց արքայատոհմի անկումից և Հայաստանում անկախության կորստից հետո Պարսկական կայսրությունը տարեցտարի փորձում էր իրականացնել իր կայսերական նպատակները՝ ամբողջությամբ կլանելու համար Հայաստանը և, ինչպես ձևակերպված է հայ պատմագիտության մեջ, ձուլելու նաև ժողովրդին։ Եվ այդ քաղաքականությունն իրագործելու համար պարսից Հազկերտ Երկրորդ թագավորը հրովարտակ է ուղարկում բոլոր ժողովուրդներին, որպեսզի հրաժարվեն իրենց կրոններից և ընդունեն զրադաշտություն։

 Որպեսզի պարզ դառնա, թե որքան ծանր պահանջ էր դա հայ ժողովրդի համար, պետք է ասել, որ կրոնական հարցերը ոչ միայն զուտ աստվածաբանական հարցեր են, այլև վերաբերում են յուրաքանչյուր ժողովրդի գոյության խնդրին, որովհետև կրոնի միջոցով ազգերը նաև իմաստավորում են իրենց գոյությունը, ինչպես նաև շատ զգայուն թեմա է կրոնական էթիկան։ Այսինքն՝ հրաժարվել մի կրոնից և ընդունել մեկ այլ կրոն, տվյալ դեպքում՝ զրադաշտությունը, որը երբեք Հայաստանում մասսայական տարածում չի ունեցել, նշանակում էր մեծապես խախտել դարերով արմատացած էթիկայի սկզբունքները ։

Այն, որ այս առաջարկը խիստ անընդունելի էր հայերի համար, վկայում են Եղիշե պատմիչի այն տողերը, թե ինչպիսի պատասխան են գրում  հայ նախարարները և հայ վերադաս հոգևորոկանությունը Հազկերտ Երկրորդին։ Մասնավորապես, նրանք գրում են, որ այս կրոնից՝ քրիստոնեությունից, իրենց չի կարող շեղել ո՛չ կրակը, ո՛չ հողմը, ո՛չ ջուրը, և նամակի վերջում նշում են, որ իրենց կրոնից չեն կարող սասանել անգամ հրեշտակները։

 Սա շատ կտրուկ պատասխան էր Հազկերտին, որովհետև լինելով քրիստոնյա, բնականաբար, նրանք հրեշտակներին ընդունում էին որպես հոգևոր աշխարհի մի մաս և, շեշտելով, որ անգամ հրեշտակները չեն կարող իրենց ստիպել հրաժարվել իրենց կրոնից, կարծես, ակնարկում են, թե ո՞վ է այն աշխարհիկ թագավորը, որը կարող է իրենց ստիպել դա անել։

Այսպիսի պատասխան, թերևս դարերի ընթացքում, դժվար է գտնել, որ որևէ կայսրւթյուն ստացած լինի տվյալ պահին շատ ավելի ռազմաքաղաքական փոքր ուժ ներկայացնող ժողովրդից, որովհետև առաջնորդների մեծ մասը, ինչպես Վասակ Սյունին, իրատեսական չէին համարի հետագա պայքարի հաջողությունը։

Մենք պատմությունից գիտենք դեպքեր, երբ, օրինակ, Տիրան թագավորն էր փորձում, անցնելով մե՛կ Պարսկաստանի, մե՛կ Հռոմի կողմը, խուսանավելու քաղաքականություն վարել՝ չհավատալով, որ հնարավոր է սեփական քաղաքական գիծն ունենալով հաջողել։ Եվ պատմությունից գիտենք գործիչների, որոնք դավանելով, այսպես ասենք, սեփական արժեքներին, դրանք համարելով բացարձակ ճիշտ և չվախենալով՝ գնացել են այդ արժեքների հետևից և հաջողության են հասել/Արտաշես Առաջին Բարեպաշտ, Աշոտ Երրորդ Ողորմած, Տրդատ Երրորդ/, որոնց բազմաթիվ որոշումներ իրատեսական քաղաքականության տեսանկյունից թերահավատություն են ներշնչում, բայց պատմությունը ցույց է տվել, որ հենց նրանք են հաջողել։

Ահա այսպիսի պատասխանից հետո պարզ էր, որ պատերազմը և մեծամասշտաբ պատերազմը անխուսափելի էր, ինչը և արդեն մեզ ծանոթ պատմական իրադարձություններն են։/Վարդանանց պատերազմ/։

Վարդանանց պատերազմի կենտրոնական իրադարձությունը, իհարկե, Ավարայրի ճակատամարտն է։ Ասեմ, որ գնալով այս ճակատամարտին, այսինքն՝ գնալով բաց դաշտում խոշոր առճակատման, ըստ էության Վարդան Մամիկոնյանը շատ մեծ հաղթանակ ապահովեց մեր ժողովրդի համար, որովհետև հետագա բոլոր սերունդների համար Ավարայրի դաշտը և Ավարայրի խորհուրդը դարձան մի շատ կարևոր կռվան սեփական ինքնության և ինքնուրույնության արժեքներին հաստատակամ կանգնելու հարցում։

Այսինքն՝ անկախ տվյալ ճակատամարտի տակտիկական, մարտավարական ելքից, շատ մեծ ռազմավարական և պատմական հաղթանակ էր արդեն իսկ այդ ճակատամարտին գնալը։

Գիտենք, որ շրջանառության մեջ է դրվել ժամանակին և այսօր էլ հաճախ տեղին ու անտեղի օգտագործվում է բարոյական հաղթանակ տերմինը։ Այստեղ նշենք, որ Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտը կոնկրե՛տ դրական արդյունքներ է ունեցել և դրանով շատ շոշափելի հաղթանակ էր։ Օրինակ, պարսից արքան Հայաստանից հետ կանչեց բանակը։ Սա արդյու՞ն ք է, թե՞ ոչ։ Իհարկե արդյունք է։ Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին վերադարձավ Հայաստան։ Արդյու՞նք է․ կարծում եմ՝ այո։ Մարզպանի պաշտոնից հեռացվեց Վասակ Սյունին, որը, ինչպես գիտենք, շատ կասկածելի քաղաքականություն էր վարում։ Բռնի կրոնափոխ եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեության, թեթևացվեցին հարկերը։ Այսինքն, այս նշված կետերը Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտի ուղղակի արդյունքն էին։ Հետևաբար, միանշանակ պետք է իմանանք, որ Վարդանանց ապստամբությունն ընդհանրապես, և Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտը մասնավորապես, ունեցել են շատ շոշափելի արդյունք և, բնականաբար, նախապատրաստել են Վահանանց ապստամբությունը և այդ ապստամբությամբ՝ վերջնական հաղթանակը։

                                             Շարունակությունը՝ զրույցում

Ցուցադրել ավելի
Back to top button