Տնային աշխատանք

Հավերժորեն սիրահարված աստղերին. հայ աստղագիտության պատմությունից

Աստղագիտության դասը վարում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Թեման՝ հայ աստղագիտության պատմություն։

Արեգ Միքայելյան — «Այնքան ծավալուն թեմա է, որ բնականաբար շատ հակիրճ կներկայացնենք որոշ հատվածներ։

Շատ հարուստ է մեր աստղագիտության պատմությունը, և հետաքրքիր է, որ հենց հայ ժողովրդի մոտ աստղագիտական գիտելիքների առավել ուժեղ դրսևորումներ կան՝ սկսած հին ժամանակներից։ Բոլորին հայտնի է, օրինակ, որ քարանձավների պատերին շատ ժողովուրդներ նկարում էին որսի տեսարաններ, և դա կարծես իրենց հաջողության գրավականն էր որսի գնալիս։ Իսկ հայերը ժայռապատկերների վրա, որքան էլ տարօրինակ է, նկարել են տիեզերական թեմաներով։ Իհարկե ոչ միայն տիեզերական թեմաներով, բայց շատ մեծ չափով ժայռապատկերների նկարները պատկերում են հենց տիեզերքը՝ արեգակ, գիսավորներ, լուսին, մոլորակներ։ Շատ հաճախ կետիկների քանակից մենք կռահում ենք, որ օրացույցն են փորձել ներկայացնել։ Այսինքն՝ հայ ժողովուրդը կարծես առանձնահատուկ հետաքրքրություն է ունեցել աստղագիտության հանդեպ։ Եվ դա միայն ժայռապատկերներով չէ, որ երևում է։

Ավելի կարևոր բան, որը նաև մեր ժողովրդի պատմության վերաբերյալ պարզաբանումներ է բերում, մեր օրացույցն է։ Հայոց բուն օրացույցը, որը նաև անվանում են Հայկյան, սկսվում է մ․թ․ա․ 2492 թվականից։ Սա Ղևոնդ Ալիշանի կողմից է հաստատվել, և հետաքրքիր է, որ բոլոր մյուս պատմաբաններն ու աստղագետները, ովքեր զբաղվել են այս թեմայով, բոլորը հաստատել են․ ոչ մեկը չի հերքել կամ չի համարել սխալ։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ 4,5 հազար տարի առաջ արդեն մենք օրացույց ենք ունեցել։ Օրացույց ունեցող ժողովուրդը բարձր քաղաքակրթություն է։ Օրացույց ստեղծելու համար պետք է ունենալ շատ զարգացած աստղագիտական գիտելիքներ։

 Իրոք, հին ժամանակների համար մշակույթի լավագույն դրսևորումներից մեկն է օրացույցը։ Շատ տեսակետներ կան, որ հայոց հնագույն օրացույցը դասում են ամենահների շարքը․ եբրայականն է հին համարվում, պարսկականը, եգիպտականը։ Հայկականը դրանց թվում է։

․․․Մենք ունեցել ենք համաստեղությունների անվանումներ, և շատ օտարազգի գիտնականներ, օրինակ ամերիկացի հայտնի աստղագետ Ուիլյամ Օլկոտը և մի քանի ֆրանսիացի, գերմանացի գիտնականներ, կարծում էին, որ համաստեղությունների առաջին անվանակոչությունները հենց մեր տարածաշրջանում են եղել՝ Հայկական բարձրավանդակում և դրան հարակից տարածքներում։ Ի դեպ, շումերների մոտ էլ կան արձանագրություններ, որտեղ բազմաթիվ հայկական անվանումներ են հնչում, որոնք հետո միայն հայերենում են հանդիպում։ Հետաքրքիր է, որ ոչ մի ուրիշ լեզվում այդ անվանումները այլևս չեն պահպանվել։ Դա նշանակում է, որ այն ժամանակ հայերը և շումերները համատեղ մշակույթ են ունեցել կամ ամենահին մշակույթներից են ունեցել։ Եվ ամենահին մշակույթները, ինչպես էլ մտածում ենք, ինչպես էլ դատում ենք, գալիս են, մոտենում են աստղագիտական գիտելիքներին։ Այսինքն՝ աստղագիտությունն անքակտելիորեն կապված է եղել հնագույն մշակույթի հետ և ամենահին գիտություններից մեկն է եղել։

Տիգրան Մեծի մետաղադրամներից մեկի վրա նկատվել է, որ գիսավոր կա պատկերված։ Այդ գիսավորը մ․թ․ա․ 87 թվականին անցած Հալեյի գիսավորն է։ Հայտնի է, որ այդ գիսավորը 76 տարի պարբերությամբ մոտենում է Երկրին, պայծառանում է, մենք լավ տեսնում ենք, հետո նորից հեռանում է։ Հալեյը այն հայտնաբերել է 17-րդ դարում։ Հետո հետհաշվարկով մի քանի անցումներ ևս փորձել են նույնացնել տարբեր պատմական արձանագրությունների հետ, և ամենահինը, ստացվում է, որ հենց Տիգրան Մեծի ժամանակվա այս գրանցումն է․․․»

                        Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button