Տնային աշխատանք

Մեր մեծերը․ Վիկտոր Համբարձումյան — Տնային աշխատանք

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այս հանդիպման ընթացքում  ներկայացնում է, ինչպես ինքն է ասում, «հայ ժողովրդի, թերևս, բոլոր ժամանակների խոշորագույն գիտնականի՝ Վիկտոր Համբարձումյանի» կյանքին ու գիտական գործունեությանը նվիրված համառոտ ակնարկ։

«Համբարձումյանի մասին կարելի է հարյուրապատիկ ավել խոսել, և շատ բան կա նրանից սովորելու։ Մինչև հիմա էլ նրա ասույթները, դատողությունները, մոտեցումները գիտության ու գիտական աշխատանքի նկատմամբ մեզ ոգեշնչում և ուղղորդում են»,–ասում է պարոն Միքայելյանը՝ զրույցն սկսելով գիտնականի մանկությանն անդրադարձով։ 

Ա․ Միքայելյան – «Այսօր խոսելու ենք մեր մեծ գիտնական, հայ ժողովրդի, թերևս բոլոր ժամանակների խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի մասին։ Շատերն են լսել նրա անունը, բայց շատ քչերը գիտեն, թե գիտության մեջ նա կոնկրետ ի՞նչ է արել, ինչու՞ է այդքան ճանաչված, ինչու՞ է նրա անունն աշխարհի բոլոր երկրներում հայտնի՝ որպես խոշորագույն գիտնականի անուն։

Նրա մանկության մասին հիմնականում տեղեկանում ենք հոր հիշողություններից։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, հայտնի մարդ էր․ Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» առաջին հայերեն թարգմանիչն էր, ընդհանրապես շատ զարգացած մարդ էր՝ թարգմանիչ, փիլիսոփա, բանասեր։ Հետաքրքիր մի փաստ ևս․ նա Հ․Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական ակումբի քարտուղարն էր։

Համբարձումյանը, որը ծնվել է Թիֆլիսում 1908 թվականին, պատմում էր, որ տակավին մանուկ, տեսել է Թումանյանին և դրանով հպարտանում էր միշտ։ Ինքը, լինելով մեծություն, երբ խոսում էր Թումանյանի մասին, այնպիսի ակնածանքով էր խոսում, կարծես իրեն դեռ այն նույն մանուկն էր զգում, որը 10–12 տարեկանում հանդիպել էր մեծ բանաստեղծին։

Հայրը մեծ նշանակություն էր տալիս զավակների դաստիարակությանն ու կրթությանը։ Կոնկրետ Վիկտորին շատ է սովորեցրել մաթեմատիկա, թվերի աշխարհն է տարել նրան։ Վ․ Համբարձումյանը պատմում էր, որ փոքր ժամանակ շատ էր տարված  մաթեմատիկայով, որ այդ աշխարհն իր համար ամենահետաքրքիրն էր։ Հետո պատահաբար նրա ձեռքում են հայտնվում աստղագիտական մի քանի գրքեր, որոնք կարդալուց հետո նրա հետաքրքրությունները, ինչպես ինքն է ասում, հիմնականում թեքվեցին դեպի աստղագիտությունը, դեպի երկնքի ուսումնասիրությունը։

Նա ծանոթացել է Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը փոքր տարիքում՝ դեևս 16 տարեկան էլ չկար։ Եվ դրա վերաբերյալ կարդացել է դասախոսություններ համալսարաններում թե՛ Թիֆլիսում, թե՛ հրավիրել են Երևան։ ԵՊՀ–ում, պատկերացնու՞մ եք, պրոֆեսորների համար կարդացել է դասախոսություն Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որը շատ բարդ տեսություն է, և այն ժամանակ շատերը չէին հասկանում։ Նույնիսկ պրոֆեսիոնալ ֆիզիկոսները չէին հասկանում։

Մի խոսքով՝ նրա ունակությունները, նրա տաղանդը գիտության նկատմամբ բացահայտվել է շատ վաղ տարիքում, և նրա մասին կարելի է ասել, որ վունդերկինդ է եղել»։

                                   /շարունակությունը՝ զրույցում/

Ցուցադրել ավելի
Back to top button