Տնային աշխատանք

«Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի․․․». Տնային աշխատանք

Բանասեր Նարինե Թուխիկյանի այս զրույցը Հովհաննես Թումանյանին է նվիրված։ «Հովհաննես Թումանյանին, բայց ոչ իբրև գրողի, այլ իբրև մեծ ընթերցասերի և մեծ ընթերցամոլի»,-ասում է տիկին Թուխիկյանը։

Զրույցի ընթացքում փորձելու ենք հասկանալ, թե գրքերն ու ընթերցասիրությունն ինչպես պատանի Թումանյանից «կերտեցին» Ամենայն հայոց բանաստեղծ։

Ն․ Թուխիկյան — «Հավանաբար դասագրքերից, կամ եթե եղել եք Թումանյանի տուն-թանգարանում՝ Դսեղում և Երևանի թանգարանում, լսել եք ու տեսել եք, թե ինչ ահռելի գրադարան նա ուներ․ իր ժամանակի հսկա գրադարաններից մեկն էր։ Մոտավորապես 10000 կտոր գիրք է նա ձեռք բերել։ Այդ 10000-ից միայն 8000-ը կամ մի քիչ ավելն են հասել մեր օրերը։

Թումանյանը նաև հմուտ գրադարանավար էր․ բոլոր այդ գրքերը նա բովանդակային առումով և շատ խնամքով դասդասել է 12 պահարաններում և գրեթե անգիր իմացել է, թե ո՛ր գիրքը ո՛ր դարակում է դրված։

Թումանյանը դեռ պատանի հասակում գրականության միջոցով կապվեց նաև թատրոնին։ Դեռ պատանի էր, բայց արդեն Շեքսպիր էր կարդում, հատկապես՝ «Համլետը»։ Նա գրախանութներում անվերջ փնտրում էր  «Համլետի» նոր հրատարակությունները, և այդ է պատճառը, որ նրա անձնական գրադարանում այսօր էլ կգտնեք մի քանի «Համլետ», որովհետև որքան հրատարակվում էր, այդքանն էլ ձեռք էր բերում։ Բարեբախտաբար այդ ժամանակ, երբ Թումանյանն արդեն ճանաչում և կարդում էր Շեքսպիր, Պոլսից Թիֆլիս է գալիս հռչակավոր դերասան Պետրոս Ադամյանը, որը բեմի վրա հրաշքներ էր գործում, նաև Շեքսպիր էր խաղում, և Թումանյանն ամենատարբեր, երբեմն էլ՝ զարտուղի ճանապարհներով իրեն նետում էր թատրոն, որպեսզի նաև թատերական արվեստի միջոցով հաղորդակցվի մեծ գրականության հետ։

Գիտենք, որ ընթերցանությունը և գիրքն ընդհանրապես գիտելիքի առումով շատ մեծ հարստություն կարող են փոխանցել մարդուն, բայց միայն պարզ ընթերցանությունը բավարար չէ։ Դա Թումանյանը զգում էր։ Այդ է պատճառը, որ նա ընթերցում էր՝ կարծես ուսումնասիրելով տվյալ ստեղծագործությունը, լիներ դա գրական ստեղծագործություն, գիտական ստեղծագործություն, հանրամատչելի ինչ-որ գործ, թե փիլիսոփայական աշխատություն։ Նա ուսումնասիրում էր գիրքը բառի բուն իմաստով։ Նրա դուստրերից Նվարդը վկայում է այդ մասին, ասելով, որ նա այնպես էր ընթերցում գիրքը, այնպես էր կլանում, որ շատ-շատ գրքերի լուսանցքներին մատիտով նշումներ էր անում։ Սա հենց ուսումնասիրող մարդու արարք է․ նշումներ է արել, հետո վերստին անդրադարձել դրանց, եզրահանգումների եկել։

Գրականության նկատմամբ սերը և փոքր տարիքից ընթերցասիրությունը, ի վերջո, Թումանյանին դարձրին մեծ գրող։ Հենց ընթերցասեր Հովհաննեսն էր, որ դարձավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան, որովհետև նա ճանաչեց համաշխարհային գրականությունը, ճանաչեց մեծագույն գրողներին և վերակերտվեց իբրև մտավորական մարդ, վերստեղծվեց իբրև գրող։ Թումանյանը մի անուշիկ, փոքրիկ բանաստեղծություն ունի, կոչվում է «Գրադարանս», որտեղ իր գրադարանը ներկայացնում է որպես մեծ-մեծ մարդիկ, որոնք բազմած են իր շուրջն ու խոսում են իր հետ։

Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր—

Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,

Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր

Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։

Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,

Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։

Ահա այսպես պատկերավոր է նա ներկայացնում գիրքը, որի հետևում գրողն է, որը մեծ արվեստ է բանեցրել, ջանք է ներդրել, որպեսզի այդ գիրքը իմաստավորված հասնի սերունդներին և վերափոխի նրանց․․․»:

                                                Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button