Տնային աշխատանք

Մ․ Նալբանդյան․ ազատության գրկում ապրողը. Տնային աշխատանք

Բանասեր Նարինե Թուխիկյանն այս անգամ անդրադառնում է Միքայել Նալբանդյանի կյանքին և ստեղծագործությանը, ինչպես ինքն է ասում, «մեկ–երկու փոքրիկ շեշտադրում անելով» և զրույցի մի հատվածը նվիրելով Մ․ Նալբանդյանի՝ բոլորիդ քաջ ծանոթ երկու ստեղծագործության։

Ն․ Թուխիկյան – Կանդրադառնամ այն մեկ–երկու կոնկրետ ստեղծագործություններին, որոնց վրա կուզենամ ուշադրություն դարձնեք, թեպետ դուք դրանք անգիր գիտեք։

1859 թվականին Մ․ Նալբանդյանը Մայնի  Ֆրանկֆուրտում գրեց «Իտալացի աղջկա երգը»։ Թե՛ Առաջին հանրապետությունը, թե՛ հիմա մենք, իբրև օրհներգ ընդունեցինք  այս բանաստեղծությունը, պարզապես հիմա «թշվառ, անտեր» բառերը փոխարինվեցին «ազատ, անկախ» բառերով։ Բայց, պիտի ձեզ ասեմ, որ սա առաջին դեպքը չէր, երբ Նալբանդյանի ստեղծագործությունները ստիպված խմբագրվում էին։

 1880 թվականին, երբ արդեն մոտ 15 տարի մահացած էր Նալբանդյանը, Կոստանդնուպոլսում թուրքական կառավարությունն ընդհանրապես արգելեց «Հայաստան» և «ազատություն» բառերի արտաբերումը։ Բայց Կոստանդնուպոլսում հրատարակվող «Փունջ» դասագրքի խմբագրությունը չԷր կարող Նալբանդյանի «Ազատ Աստվածն այն օրիցը» ծրագրից հանել, և շատ խելամիտ խմբագիր Սմբատ Դավթյանը դիմեց խորամանկության։ Իրականում բոլոր երեխաները գիտեին, որ բանաստեղծության մեջ «ազատություն» բառը կա, բայց խմբագիրը փոխարինեց «ազատություն» բառը «աշխատություն» բառով։ Աբսուրդ մի բան, չէ՞։ «Ազատ Աստվածն այն օրից» տողը դարձավ «Բարձրյալ Աստվածն այն օրից», բանաստեղծությունն էլ մոտավորապես հետևյալ տեսքն ստացավ․

Բարձրյալ Աստվածն այն օրից,

Երբ հաճեցավ շունչ փչել,

Իմ հողանյութ շինվածքին

Կենդանություն պարգևել,

Ես անբարբառ մի մանուկ,

Երկու ձեռքս պարզեցի,

Եվ իմ անզոր թևերով

Աշխատություն գրկեցի․․․

Պատկերացրեք՝ ինչպե՞ս կարելի է աշխատությունը գրկել․․․

Պատկերացրեք նաև շարունակությունը՝ նույն սկզբունքով։ Բայց սա գաղափարական ռումբի ազդեցություն թողեց ամբողջ պոլսահայության և ոչ միայն պոլսահայության, այլև ողջ հայ երիտասարդության շրջանում։ 2000 օրինակի կարիք կար նման դասագիրք ունենալու, գիտե՞ք՝ որքան տպագրվեց․ 23000 օրինակ։ Մի խիզախ խմբագիր, որը կուլ չգնաց հրահանգին, որովհետև ուներ ազգային կեցվածք, ազգային մտածողություն, արժանապատվություն թե՛ մարդկային, թե՛ազգային, այս խորամանկությանը դիմեց՝ նախապես իրազեկելով, որ այս բառերը պետք է հասկանալ հետևյալ կերպ․ «աշխատությունը»՝ «ազատություն»։

Բացի դրանից էլ այս բանաստեղծությունը՝ Նալբանդյանի նկարով, թռուցիկների տեսքով տպագրվեց և տարածվեց Մոսկվայում, Կոստանդնուպոլսում, Փարիզում, Թիֆլիսում, Երևանում։

Կուզենամ, որ զուգահեռ անցկացնենք «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հայաստանյան խմբագրումների հետ։ Երբ փոխեցինք «թշվառ, անտեր» բառերը «ազատ, անկախ» բառերով, արդյո՞ք ինչ–որ մի բան փոխվեց․ գուցե սա էլ դանդաղ գործո՞ղ ռումբի ազդեցություն կարող է ունենալ մեր հոգեբանության և աշխարհընկալման վրա։ Սա քննելու հարց է։ Կարող եք ընկերներով քննարկել, վերլուծել և հասկանալ․ եթե «Ազատ Աստվածն այն օրիցը» ազգային մեծ զարթոնքի առիթ դարձավ, սա՞ ինչ կարող է հանդիսանալ։

Ցուցադրել ավելի
Back to top button