Տնային աշխատանք

Մանկության ֆիլմերից՝ դեպի լուրջ ֆիզիկա. Տնային աշխատանք

Մեր մանկության սիրելի ֆանտաստիկ մուլտֆիլմերից ու կինոնկարներից շատերում հերոսների ու հակահերոսների կռվի ժամանակ ամենահաճախ օգտագործվող զենքերը լազերային զենքերն են։ Մենք էլ, քանի դեռ փոքր ենք, հիացմունքով միմյանց տպավորություններ ենք փոխանցում․ «Տեսա՞ր՝ էն մեկի լազերն ի՜նչ ուժեղ էր։ Ով էդ զենքից ունենա, կհաղթի»։

Եվ «լազեր» ասելով էլ այդ տարիքում, որպես կանոն, հենց անպարտելի ու համարյա գերբնական զորությամբ օժտված մի բան ենք պատկերացնում։

Հիմա մեծացել ենք արդեն, և իհարկե ժամանակն է, որ իմանանք, թե ինչ է լազերն իրականում, որն է դրա գործունեության սկզբունքը, ինչ կիրառություններ ունի։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը սիրով հանձն առավ փոքրիկ մի ներածությամբ սկսել այս բարդ ու հետաքրքիր թեմայի շուրջ զրույցների շարքը։

«Որպեսզի հասկանանք, թե ինչ են լազերները, պետք է նախ հասկանանք, թե ինչպես է առաջանում լույսը, իսկ դրա համար էլ պետք է ավելի խորանանք՝ ընդհուպ մինչև մոլեկուլներ, ատոմներ, իմանանք, թե ինչից են բաղկացած ատոմները, ինչ պրոցեսներ են տեղի ունենում ատոմներում»,-ասում է պարոն Հակոբյանն ու սկսում ամենապարզ կերպով բացատրել այն, թե ինչպես է առաջանում լույսը։ Ապա մոտենում ենք «լույսի կոհերենտ աղբյուրներ» հասկացությանը և պարզում, որ հենց դրանց վրա է հիմնված մեր այսօրվա հետաքրքրության աղբյուրը՝ լազերը, և որ «լազեր» բառն անգլերեն «light amplification by stimulated emission of radiation» բառակապակցության հապավումն է և նշանակում է լույսի ուժեղացում հարկադրական ճառագայթման միջոցով։

Մի քիչ բա՞րդ է թվում, չափից ավելի գիտակա՞ն բացատրություն է։ Լսեք զրույցը, և կհամոզվեք, որ մասնագետի օգնությամբ ամենաբարդ թեման անգամ կարող է պարզ ու մատչելի դառնալ։

Ցուցադրել ավելի
Back to top button