Տնային աշխատանք

Լազեր․ երևակայությունից մինչև իրականություն․ Տնային աշխատանք

ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանն այս զրույցում խոսում է լազերների հատկությունների, հզորության աստիճանների և կիրառությունների մասին։

«Լազերների հիմնական հատկությունները, որոնք իրենց տարբերում են լույսի մյուս աղբյուրներից, միագույն լինելն է՝ մեկ գույնի մեջ տեղավորված էներգիան, երկրորդը՝ ուղղորդվածությունը, երրորդը՝ կոհերենտության բարձր աստիճանը»,-ասում է պարոն Հակոբյանն ու մանրամասնում դրանք։

Ապա պարզում ենք, որ աշխարհում կան տարբեր հզորության լազերներ, որոնցից ամենահզորներն են, օրինակ, Միչիգանի համալսարանում գտնվող «Զևս» լազերը, որի հզորությունը 3 պետավատտ է։ Կա նաև մոտավորապես 10 պետավատտ հզորության լազեր Հարավային Կորեայում։

Ռ․ Հակոբյան — Լազերները շատ լայն կիրառություն ունեն՝ լուսային էֆեկտներ ստեղծելու պարզագույն կիրառությունից սկսած մինչև ավելի լուրջ, ավելի արդիական ու կարևոր կիրառությունը՝ որպես ռազմական, պաշտպանական միջոցներ։

Լազերը կարող է ծառայել որպես ցուցափայտ, շինարարության մեջ՝ որպես հեռավորությունը ճշգրտորեն և արագորեն չափող կամ հարթությունները ճշտող միջոց։

Բժշկության մեջ լազերն օգտագործվում է անարյուն վիրահատության համար, առանց լազերի դժվար է պատկերացնել ժամանակակից ակնաբուժությունը։

Լազերային պինցետ։ Այս հայտնագործության հեղինակները Նոբելյան մրցանակ ստացան մի քանի տարի առաջ։ Լազերի միջոցով փոքրագույն մասնիկները, անգամ մոլեկուլները, կարելի է տեղափոխել ու տեղադրել՝ որտեղ նախատեսում ենք։ Օրինակ, որևէ ատոմ տեղադրել ԴՆԹ-ի մեջ և փոփոխել ԴՆԹ-ի հատկությունները։

Լազերների ստեղծմամբ մեծ առաջընթաց է ապրել հոլոգրաֆիան՝ որպես մեթոդ։ Եթե համառոտ ներկայացնենք, ապա կասենք, որ հոլոգրաֆիան ծավալային պատկերներ ստանալու մեթոդն է։

Լազերային նշանառություն։ Երբ ես երիտասարդ էի, լազերային նշանառության մասին գիտնականներն արդեն գիտեին, խոսում էին, բայց ոչ ոք չէր հավատում, որ դա կարող է իրական ռազմական կիրառություն ունենալ։ Իսկ հիմա արդեն ունի մեծ ռազմական կիրառություն։ Ցավոք սրտի, 44-օրյա արցախյան պատերազմում ԱԹՍ-ները հենց լազերային նշանառությունն էին օգտագործում գրանցելու համար այն վայրն ու օբյեկտը, որն ուզում էին ռմբակոծել։

Շատ-շատ են լազերների կիրառության ոլորտները․․․․

Ցուցադրել ավելի
Back to top button