Հիթ 1

Շառլ Ազնավուր — Մամա․ Հիթ 1

Այս հաղորդմանը որոշել եմ ներկայացնել մեր մեծ հայրենակցի ամենահայտնի, աշխարհով մեկ սիրված երգերից մեկը։

Մեծ հայրենակիցը Շարլ Ազնավուրն է, իհարկե, երգը՝ նրա կատարմամբ՝ փշաքաղվելու աստիճան հուզող «Մաման», ֆրանսերեն՝ “La Mamma”, անգլերեն տարբերակում այն անվանել են “For Mama”` մայրիկի համար։

Շատ ենք լսել այս հանճարեղ երգը, դեռ կլսենք ու կլսենք, քանզի կատարողն Ազնավուրն է, թեման՝ համամարդկային ու ժամանակ չճանաչող։

Ինչի մասին է երգը՝ բոլորս ենք հասկանում՝ մամայի, մայրիկի։ Ամենևին պարտադիր չէ նման հրաշք ստեղծագործության դեպքում հասկանալ բառերը՝ երգի ասելիքը պարզելու համար։ Կարևորը, ինչպես և բոլոր դեպքերում, ոգեղենությունն է ու հրաշալի մեղեդին․․․կատարման ու մատուցման մասին խոսք չկա։

Պատկերացրեք, արդեն 60 տարի․․․ Ու ամեն լսելիս՝ յուրաքանչյուրը հուզվում է, և յուրաքանչյուրը դրա տակ պատկերացնում է իր մորը։ Այդ իմաստով երգը պարզապես կատարյալ է, անգերազանցելի։

Մեզ միշտ թվացել է, թե Ազնավուրն իր բոլոր երգերի միանձնյա հեղինակն է։ Սակայն այդպես չի։ Մասնավորապես, «Մամա» երգի մեղեդին ու երաժշտությունն Ազնավուրինն են, իսկ խոսքերի հեղինակն է Robert Gall-ը։ Նա երգերի խոսքեր է գրել Ազնավուրի, Պիաֆի և իր դստեր՝ Ֆրանս Գալլի համար, անցյալ դարի 60-ականների կեսերին։

«La Mamma» երգն առաջին անգամ ձայնագրվեց ու լույս աշխարհ եկավ 1963 թվականին, գլխավորեց հիթ շքերթները։ Ֆրանսիայում ու Ֆրանսիայից դուրս էլ աղմկոտ ու շռնդալից հաջողություններ ունեցավ։ Մեկ տարի անց Դոն Բլաքը երգի համար գրեց անգլերեն բառերը։  

Սակայն անդրադառնամ ևս մի դրվագի՝ կապված Շառլ Ազնավուրի հետ, արդեն իմ կյանքից։  

․․․88-ի երկրաշարժից հետո Ազնավուրը, գիտեք, թե ինչքան գործ արեց․ կազմակերպեց օգնության համակարգված աշխատանքը, խառնեց իրար աշխարհն ու գաղթօջախները՝ իր փոքրիկ Հայաստանին օգնելու համար։ Եկավ Մարզահամերգային համալիր՝ հանձնելու օգնությունն ու հանգանակած գումարները և հանդիպելու հայերի հետ: Ես այն ժամանակ ռեժիսոր-կազմակերպիչ էի։ Շառլը եկավ իր թարգմանչի հետ, խոսեց ոչ երկար, բավականին վրդովված, նշելով, որ օգնության մի մասը Հայաստան չի հասնում, այլ մնում է խորհրդային Մոսկվայում։  

Հետո նրան տարան կառավարական մեծ դահլիճ, սովետահայ չինովնիկները հետը նստեցին, սկսեցին լուսանկարվել, միրգ, կոնյակ հյուրասիրեցին, ինչ որ կենացներ․․․իսկ ինքը՝ Ազնավուրը, բացահայտ շփոթված ու նեղված այդ ամենից, անօգնական նայում էր շուրջը, գրեթե անխոս, որովհետև իր կորած հայացքում երկրաշարժից որբացած հայ երեխաներն էին, տասնյակ հազարավոր զոհերն ու անտուն մնացածները:

Բայց ամենացնցողը նրա մուտքն էր համերգային դահլիճ ․․․

Կուլիսներում ահագին մարդ կար, էդ թվում նաև՝ Մոսկվայի ՄԽԱՏ-ի վրացի դերասան, ֆուտբոլային հաղորդավար, Սոֆիկո Չիաուրելիի ամուսինը՝ Քոթե Մախարաձեն ու վրացի անվանի երգչուհի Նանի Բրեգվաձեն, որոնք արագ ժամանել էին Թբիլիսիից: Եվ երբ Ազնավուրը, բարձրախոսներից բարձր հնչող իր «Մամա» երգի ներքո մտավ դահլիճ՝ այն տպավորությունն էր, որ Աստված իջավ համերգային դահլիճի բեմին….բոլորն սկսեցին անկախ իրենցից հոնգուր-հոնգուր արտասվել․․․ոչ-ոք արցունքները զսպել չէր կարողանում: Նման հուզումնալից պահ ես իմ կյանքի 28 տարիների ընթացքում դեռ չէի ապրել․․․

Փորձեցի խնդրել Քոթե Մախարաձեին ու Նանի Բրեգվաձեին, որ բեմ չգնան, մնան կուլիսներում, բայց նրանք լրիվ հմայված, բառիս բուն իմաստով հիպնոսացած գնում էին դեպի Ազնավուրը, ու Նանի Բերգվաձեն ոչ թե լալիս էր, այլ հեկեկում էր զգացմունքների առատությունից: Բոլորը լցվեցին բեմ, ես հասկացա, որ արածս հիմարություն է՝ մարդկանց հետ պահել չեմ կարողանալու, թողեցի կապի սարքավորումն ու բոլորի հետ, հմայված ու արտասվելով, ինքս էլ գնացի դեպի շանսոնի Աստվածը …

Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրը գրել է գրեթե 1300 երգ, խաղացել՝ 60 կինոնկարներում, աշխարհով մեկ վաճառել է 200 միլիոնից ավելի ձայնասկավառակ։  

Իսկ մենք ընդամենն ուզում էինք ավելի ստույգ ներկայացնել, թե որն է Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկի ասելիքը, թեև դրա կարիքը իսկապես չկար․․․Մամա․․․ամեն ինչ ասված է․․․

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button