ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանի այսօրվա զրույցը ջունգլիների մասին է։
Ի՞նչ է ջունգլին, որտե՞ղ են տարածված ջունգլիները, ի՞նչ բուսատեսակներ ու կենդանատեսակներ են ապրում այնտեղ, ի՞նչ գործունեություն է ծավալում մարդը ջունգլիներում, և որո՞նք են ջունգլիների ամենահայտնի էթնոսները․ այս և մի քանի այլ հարցերի շուրջ է զրույցը։
«Ջունգլիները համարվում են կենսաբազմազանության շտեմարաններ։ Այստեղ, ի տարբերություն բարեխառն լայնությունների անտառների, ծառատեսակները շատ են, բայց քանակային առումով՝ քիչ և միջազգային շուկայում դրանք շատ թանկ արժեն՝ շոկոլադի ծառ, երկաթի ծառ, հացի ծառ, արակուարիա, կեբրաչո և այլն։ Ցավոք, երկրագնդի շատ տարածաշրջաններում պետություններն անխնա կտրատում են այդ թանկարժեք ծառատեսակները և հարստանալու մոլուցքով միջազգային շուկա են հանում՝ վաճառքի»,–այսպես է սկսում զրույցը մեր հյուրը և առաջարկում ծանոթանալ ջունգլիների կյանքին։
Ի դեպ, այս զրույցից հետաքրքիր տեղեկություններ կարող եք իմանալ նաև ջունգլիներում ապրող մարդկային էթնոսների մասին․ մբուտիներ, չինբուներ, տլինգիտներ, յանոմամներ։ Վերջիններիս մասին ժողովրդագիրները և ազգագրագետներն ասում են, որ սրանք ամազոնուհիների հետնորդներն են։



