Իսկապես շատ տխուր է ինձ նման ռոքի սիրահարի համար գիտակցել այն դառը փաստը, որ մեծն Օզզին այլևս մեզ հետ չէ։ Անշուշտ՝ միմիայն ֆիզիկական իմաստով։ Դեռ տարիներ առաջ արված ծանր վիրահատությունն անհետևանք չանցավ, ցավոք սրտի, Օզզին ինքը քանիցս խոսեց այդ մասին ու նրա առողջական վիճակը գնալով վատացավ, դառնալով ի վերջո կյանքի հետ անհամատեղելի։ «Բայց ինչ որ եղած է, արդեն եղած է» իրեն հատուկ ուղղամտությամբ խոստովանում էր Օզզին, հասկանալով, որ ժամանակը հետ շրջել չի կարելի։
Նա մեկն էր, ում բոլորը դիմում էին միայն անունով՝ Օզզի։ Իսկ նման պատվի հազարից մեկին են արժանացնում, հավատացեք։ Որովհետև Օզզին բոլորինն էր, բոլորի համար սրտամոտ ու հարազատ։
Նա չափազանց վառ անհատականություն ունեցող արվեստագետ էր, և ինչպես ինքն էր ասում, մեջբերում եմ ոչ բառացիորեն՝ «Նայում եմ հետ ու գրեթե ոչինչ չեմ տեսնում, միայն՝ ռոք»։ Մյուս կողմից՝ նա լավ ամուսին ու հայր էր և շատ բարի ու անկեղծ մարդ։
Մահից մի քանի օր առաջ կայացավ նրա հրաժեշտի համերգը Բլեք Սաբաթի անդամների հետ։ Օզզին արդեն չէր կարողանում կանգնել, բայց սև, արքայական գահին գամված, երգեց մի ամբողջ համերգ՝ փառք ու պատիվ նրան նման զոհողության համար։ Իսկ համերգի հասույթը՝ մոտավորապես 190 միլիոն դոլարին համարժեք գումար՝ Օզզի ցանկությամբ՝ գնաց բարեգործության, հատկապես պարկինսոնի հիվանդությունից տուժածների ապաքինմանն ու երեխաներին: Օզզին մինչև վերջին պահը մտածում էր ուրիշների մասին։
Մայրիկ, ես վերադառնում եմ տուն՝ երգում էր Օզզին։ Երգում էր վերջին անգամ, իր վերջին համերգին, իր ծննդավայր Բիրմինգհեմում, իր հարազատ Բլեք Սաբաթի երաժիշտների հետ, մի խմբի, որից նրան ժամանակին դուրս արեցին անտանելի վարքագծի, հարբեցողության ու համերգները տապալելու համար։ Բայց որի հետ էլ նա որոշեց ավարտել իր երկրային ասելիքը։
Եվ երևի թե չկար մեկը Բիրմինգհեմի մարզադաշտում, որն այս երգի տակ չհուզվեր ու չարտասվեր։ Սա էլ ասենք՝ մամա ասելով Օզզին այս երգում նկատի ունի ոչ թե իր մորը, այլ կնոջը, որն անդավաճան կերպով նրա հետ էր մինչև Խավարի Արքայազնի վերջին շունչը, քնում էր հիվանդանոցում հիվանդ ամուսնու մահճակալի կողքին, ծալովի ինչ որ անկողնու վրա, և ժամերով, մինչև լույս բաց չէր թողնում աշխարհի իսկապես ամենաէքսցենտրիկ ու խելագար մարդկանցից մեկի՝ իր սիրելի Օզզի Օսբորնի թուլացող ձեռքը։ Եվ պետք է անպայման նշել, որ եթե չլիներ Շերոնի անսահման, տիեզերական սերն իր ամուսնու նկատմամբ, վերջինս հաստատապես 76 տարի չէր ապրի: Շերոնը նրա պահապան հրեշտակն էր, իսկ հրեշտակների համար անհնարին ոչինչ չկա։
Հույս ունեմ, որ մեծն Օզզիի արվեստը կծառայի որպես ոգեշնչման աղբյուր ռոքի իսկական նվիրյալ ու սիրահար երիտասարդների համար, այնպես, ինչպես ծառայեց մեր սերնդին ու անձամբ ինձ։ Չէ՞ որ դա մաքուր, անկաշառ, ապստամբ ու ազատ հոգիների երաժշտությունն է։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ու անկրկնելի Օզզի, կտեսնվենք այն կողմում՝ See you on the other side…
Քրիստ Մանարյան



