Երբեմն, երբ կարիք է լինում նկարագրելու կամ բնութագրելու մի երևույթ կամ իրողություն, որն անկառավարելի կամ անկանոն է թվացել մեզ, օգտագործում ենք «քաոս» բառը։ Իսկ ի՞նչ է քաոսն իրականում, և արդյո՞ք իրականում այն այդքան անկառավարելի է, որքան թվում է։
Ֆիզմաթ գիտությունների պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանի այսօրվա զրույցը հենց այդ մասին է և այն մասին, թե ի՞նչ կապ ունի քաոսը ֆիզիկայի և մաթեմատիկայի հետ։
Ռ․ Հակոբյան – Փորձենք հասկանալ, թե ինչ է քաոսը, քաոսի տեսությունը և այն հասկացությունները, որոնք կապված են քաոսի տեսության հետ։
Դպրոցում միշտ և բարձրագույն ուսումնական հաստատությունում գրեթե միշտ մենք ուսումնասիրում ենք այնպիսի երևույթներ, որոնք անընդհատ պրոցեսներ են, տեղի են ունենում առանց անակնկալների, օրինակ, մեխանիկական շարժումը, հավասարաչափ շարժումը, հավասարաչափ արագացումով շարժումը կամ, եթե ջերմային պրոցեսներ են, ջերմաստիճանը գծային ձևով է աճում կամ նվազում, անգամ եթե գծային չէ, որոշակի օրենքով է փոփոխվում։ Իսկ իրական կյանքում մենք շատ ավելի հաճախ հանդիպում ենք թվացյալ անկանոն փոփոխությունների, թվացյալ անկանոն երևույթների, որնք անվանում ենք «քաոս»։ Այլ կերպ ասած՝ մեզ ծանոթ երևույթները նկարագրվում են մաթեմատիկորեն պարզ հավասարումներով, ասենք՝ գծային հավասարում, քառակուսի հավասարում, հիպերբոլիկ կամ սինուս, կոսինուս, տատանողական պրոցեսներ, և առօրյայում էլ մեզ հանդիպող երևույթների միզ գալի մասը հենց այդպիսին է, բայց հաճախ էլ հանդիպում են այնպիսի երոևույթներ, որոնք քաոտիկ են։ Այսօր այդ մասին ենք խոսելու։



