Հիթ 1

Տիգրան Համասյանի «Մանիֆեսթ»-ը. Հիթ 1

Հիթ Մեկի այսօրվա ծրագիրը նվիրել եմ մեր տաղանդաշատ Տիգրան Համասյանին։ Ավելի ճիշտ՝ նրա վերջերս լույս աշխարհ եկած նոր ալբոմի միջազգային, կամ ինչու չէ՝ համաշխարհային շնորհանդեսին։

Ես հիշում եմ, թե ինչպես էի նայում նրա համերգի ձայնագրությունը աշխարհահռչակ Մեցցո բարձրաճաշակ երաժշտական ալիքով, ըմբոշխնելով ամեն նոտան, ամեն հն չյունն  ու անգամ՝ նրա ամեն դիմախաղը, որն, ի դեպ՝ շատ առատ է նրա դեպքում։ Նա չափազանց տաղանդավոր, աշխատասեր ու ինքնատիպ երաժիշտ է, մեր այսօրվա հպարտություններից մեկը։ Տիգրանի վերջին՝ «Մանիֆեսթ» ալբոմը լույս տեսավ, եթե չեմ սխալվում՝ այս տարվա փետրվարի 6-ին։

Լավ հիշում եմ, թե ինչպես տասնամյակներ առաջ, երբ ընկերներիս հետ հաճախակի էինք գնում այն ժամանակներում Երևանի ջազային կենտրոն դարձած Պապլավոկը, գալիս էր դեռևս դպրոցական Տիգրանը և մի կողմ քաշված, ամաչելով, նաև՝ ակնածանքով նայում ու լսում էր Երևանցի ջազմեններին, հետո, երբ ծրագիրն ավարտվում էր՝ մեկ մեկ էլ ինքն էր նստում ռոյալի առջև ու նվագում էր իր գործերից։ Մեր անկրկնելի Վահագն Հայրապետյանն ասում էր այդ օրերին նրա մասին՝ «Գյումրիից եկած երեխա ա, շատ տաղանդավոր ա, էս տղեն հեռու ա գնալու, խոսքերս կհիշեք»։

Իսկ վերջերս Հայաստան էր ժամանել լիտվացի անվանի ջազ դաշնակահար, պրոֆեսոր Արթուրաս Անուսաուսկասը, մենք բախտ ունեցանք որպես նրան ուղեկցող-բարեկամներ ներկա գտնվելու մաեստրոյի ջեմսեյշնին, Ուլիխանյան ակումբում, մեր հայ և ոչ միայն հայ ջազմենների հետ նրա համատեղ ելույթների ժամանակ, և առաջին բանը, որն Անուսաուսկասն ասաց՝ հիացած հայաստանցի երիտասարդ ջազմենների կատարումներից, հետևյալն էր՝ «Ես շնորհակալ եմ, որ այսօր գտնվում եմ Երևանում, այսպիսի տաղանդաշատ երաժիշտների հետ համատեղ համերգին, շատ եմ լսել ձեր ջազային հիանալի ավանդույթների մասին, դուք, ի վերջո այն ժողովուրդն եք, որն ունի Տիգրան Համասյան»։

Ես չեմ, որ պիտի Համասյանի բարձր արվեստին գնահատական տամ, ոչ էլ կարիք եմ զգում հիմա ներկայացնել նրա երաժշտական այսպես ասած աշխարհայացն ու փիլիսոփայությունը, բայց ասեմ, որ իսկապես, անկեղծորեն հիացած եմ հայկականին, հայկականությանը, ազգայինին, մեր էթնիկ, հարուստ երաժշտական ավանդույթներին ու ներկապնակին նրա անմնացորդ նվիրվածությամբ։

Ինձ մնաց երևի թե շնորհավորել բոլորիս մեր տաղանդաշատ, աշխարհահռչակ կոմպոզիտոր-կատարողի նոր ալբոմի լույս աշխարհ գալու կապակցությամբ և փաստել, որ հենց նման մարդիկ են բոլոր ժողովուրդներում, ամբողջ աշխարհում բարձր պահում իրենց ազգի հեղինակությունն ու ինչու չէ՝ պատիվը այլոց աչքում, պրոպագանդելով ու բացահայտելով օտարների մոտ իրենց ծնած ու սնած հողի և ջրի տեսակն ու ուժը։

Հաջողություններ մաղթենք մեր հպարտ ու ինքնատիպ տաղանդավոր մարդուն, հուսանք, որ դեռ շատ ու շատ ընտիր անակնկալների ունի թե մեզ համար և թե համայն մարդկության, և սա ասում եմ առանց չափազանցության։ Ի վերջո նա վաղուց է փաստել, թե ինչ հզոր ուժ կա իր մատների տակ ու շատ հայկական, ազատ ու սիրող հոգում։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button