Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցել, և եղբայրները ծերացել են: Նրանք սկսել են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ հակառակ իրենց սովորության՝ մոռացել են նախ գոտիները կապել և բարևել են իրար։ Աստված տեսնելով դա՝ բարկացել է ու պատժել եղբայրներին։ Նրանք քարացել, լեռներ են դարձել, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Ահա այդ լեռներ դարձած եղբայրների շարքում է եղել նաև Արագածը, որ Հայաստանի ամենաբարձր, իսկ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ չորրորդ լեռն է: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո՝ հյուսիս-արևմտյանը՝ 4080մ, արևելյանը՝ 3916մ և հարավայինը՝ 3879մ:
Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի հետ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի հետքեր. քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ:
Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն):
Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջին՝ 1800– 2300 մ բարձրության վրա, պահպանվել է մի փոքրիկ անտառ, որտեղ աճող հիմնական ծառն արևելյան կաղնին է: Իսկ Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը և թռչունները, որոնք շա՜տ են, շատ-շա՜տ:
Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն։ Նրա գագաթներին մշտական ձյուն է նստած (հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ կմ է), իսկ փեշերին՝ տարվա բոլոր եղանակները` իրենց նրբերանգներով:
Արագածի լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։
Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասախ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Լեռան աղբյուրների ջրով է սնվում նաև Արարատյան դաշտում գտնվող Մեծամոր լիճը:
Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝:
Արագածը 4 գագաթ ունի, կամ քառագագաթ է: Նրա գագաթային մասում 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկես կա:
Արագածի Սառցադաշտային խառնարաններում գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Ումրոյ և այլն: Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որը 3250 մ բարձրության վրա է ու ունի քաղցրահամ ջուր:
Ի դեպ, Արագածն էլ իր առեղծվածներն ունի: Ասում են այնտեղ խախտվում է գրավիտացիոն դաշտը…կամ լսել? Եք Արագածի գրավիտացիոն բլրի մասին:
«Գրավիտացիոն բլուրը» երևույթ է, որը խախտում է գրավիտացիայի օրենքները: Հայտնի նաև ‹‹մագնիսական լեռ››, ‹‹գրավիտացիոն ճանապարհ›› և այլ անուններով` իրականում սա տեսողական խաբկանք է, որի արդյունքում ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով մեղմաթեք լանջը վերելք է թվում:
Իրականում «գրավիտացիոն բլուրներն» իրենցից ներկայացնում են այնպիսի լանջեր, որոնցում թվում է, թե առարկաներն իրենք իրենց` գրավիտացիոն ուժերին դեմ գնալով, բարձրանում են լանջն ի վեր: Օրինակ` եթե ջուր լցնենք բլրի մակերեսին, կարող է թվալ, թե այն շարժվում է դեպի վեր, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ, ինչպես կարելի էր ակնկալել:
«Գրավիտացիոն բլուրները» մարտահրավեր են նետում ֆիզիկայի օրենքներին; Եթե ինչ-որ մի առարկա, օրինակ` գնդակ, դրված է լանջի վրա, ապա այն ծանրության ուժի ազդեցության տակ, բնականաբար, պետք է շարժվի դեպի ներքև: Գրավիտացիոն բլուրներում տեղի է ունենում հակառակը, այսինքն` ցած ընկնելու փոխարեն` առարկան շարժվում է դեպի վեր:
Երկրագնդի վրա կան տասնյակ վայրեր, որոնք մարտահրավեր են նետում բնության օրենքներին: Այս առեղծվածային երևույթները գրավում են ոչ միայն գիտնականների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: Դրանցից մեկը գտնվում է Հայաստանում` Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ միջնադարյան ամրոց տանող ճանապարհին: Այս ճանապարհի վրա մեքենայի փոխանցումը նեյտրալ դիրքում թողնելու դեպքում այն ինքն իրեն կսկսի դեպի վեր շարժվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելացնել արագությունը:
Բայց դա այստեղ տեղի ունեցող միակ անոմալ երևույթը չէ. լեռնային գետակը ևս ներքևից վերև է հոսում:
Ամերիկացի հանրահայտ վլոգեր Nas Daily-ն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան` մեր երկրի մշակույթի ու մարդկանց հետ ծանոթանալու և հետաքրքրաշարժ վայրեր գտնելու, իր մեկրոպեանոց հոլովակներից մեկում պատմում է Արագածի գրավիտացիոն բլրի մասին:
«Վերևը ներքև է, ներքևը` վերև, և դա պայթեցնում է ուղեղը». տեսանյութում այսպես է խոսում վլոգերը` նշելով, որ սա եղել է իր ունեցած ամենախելահեղ արկածներից մեկը:
-Մի հետաքրքիր փաստ էլ՝ պարզվում է, որ 1912-1913 թվականներին մեծ կոմպոզիտոր Կոմիտասը բազմիցս բարձրացել է Արագած լեռան բոլոր չորս գագաթները
Այդ ժամանակ Կոմիտասն ապրում էր Բյուրականում, որտեղ գտնվում էր Գևորգ Ե Կաթողիկոսի ամառային նստավայրը։ Ու հենց այնտեղ էլ Կոմիտասն իր ընկերների հետ հետաքրքրվել է վիշապաքարերով, որոնք կարելի էր տեսնել Արագածի ստորոտին ու գագաթին։
Ընկերները հաճախ էին բարձրանում Արագածի այս կամ այն գագաթը, փնտրում, արձանագրում և ուսումնասիրում վիշապաքարերը։ Ցավոք, այս փաստի վերաբերյալ արխիվներում որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Հավանաբար այն պատճառով, որ երիտասարդ հոգևորականները զուտ ակադեմիական հետաքրքրություն են ցուցաբերել։ Թեև կարելի է ենթադրել, որ Կոմիտասը հետագայում բոլոր գրառումներն իր հետ տարել է Արևմտյան Հայաստան։