Զարթուցիչ

Թե ինչպես Հովհաննես Այվազովսկին իրեն փորձեց հնագետի դերում

Այսօր մայիսի 2–ն է․ օրացույցը հիշեցնում է, որ մայիսի 2–ը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մահվան օրն է։ 

Կարծում ենք, գիտեք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կա Հովհաննես Այվազովսկու կտավների մշտական ցուցադրությունը, որն աշխարհում Այվազովսկու լավագույն հավաքածուներից է։

«Նոյն իջնում է Արարատից», «Լուսնյակ գիշեր»,«Ճանապարհ անտառում», «Առագաստանավը փոթորկի ժամանակ» և այլ կտավներ սպասում են ձեզ․ գնացեք, դիտեք, հիացեք։ 

Մեծ նկարչի կյանքից փոքրիկ մի բացահայտում ներկայացնենք: «Թե ինչպես Հովհաննես Այվազովսկին իրեն փորձեց հնագետի դերում»։

Այն, որ Այվազովսկին չգերազանցված ծովանկարիչ է, գիտեն բոլորը, բայց այն, որ նկարիչը հետաքրքրվել է հնագիտությամբ և իրեն նաև այս ոլորտում է դրսևորել, շատերին հայտնի չէ։

19–րդ դարի 50–ական թվականներին ռուսական գիտությունն ու պետությունը նոր–նոր սկսել էին արժևորել հնագիտությունը որպես կարևոր ոլորտ և սկսել էին նաև ֆինանսավորել հնագիտական հետազոտությունները։ Այվազովսկին անչափ սիրում էր իր ծննդավայրը՝ Թեոդոսիան, և առաջիններից մեկն արձագանքեց հնագիտական հետազոտություններ կատարելու առաջարկությանը՝ նախևառաջ մեկ նպատակով․ նյութական ապացույցներ գտնել այն մասին, որ Թեոդոսիան հնագույն բնակավայր է և պատկանում է անտիկ աշխարհի կարևոր մշակութային կենտրոններից մեկին։

1853 թվականի հունիսի վերջին Այվազովսկին իր ազգական Լևոն Մազիրովի և թեոդոսիացի հողագործների մի խմբի հետ սկսեց Թեփե Օբա սարի լանջին սփռված դամբարանաթմբերի հետազոտությունը։

Ինչպես ինքը՝ Այվազովսկին է նշել, ինքը կարողացել է 80 դամբարանաթումբ ուսումնասիրել։ Բայց միայն 4 թմբից գտնված նմուշներն են հնագիտական կարևոր արժեք ներկայացրել։

Այվազովսկու գտածոներից ամենահայտնին մ. թ. ա. 4-րդ դարի դամբարաններից մեկում հայտնաբերված այն հրաշքն է, որը հայտնի է «Թեոդոսիական ականջօղեր» անունով և պահվում է Էրմիտաժում: Խոսքը զարդարված կանացի գլխի տեսքով ոսկե ականջօղերի մասին է։ Դրանք բացառիկ արժեք են ներկայացնում թե՛ կատարման արվեստով և թե՛ որպես հնագիտական նմուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button