Զարթուցիչ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում մեզ սպասում են տարվա բոլոր օրերին

Վաղը, ավանդույթի համաձայն, «Հաղթանակ» զբոսայգին մարդաշատ է լինելու։ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ շատերս շտապելու ենք այնտեղ՝ խոնարհվելու անհայտ զինվորի հուշարձանի առաջ։ Իսկ օրն էլ ավելի տպավորիչ կանցնի, եթե այցելենք նաև «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան և տեղեկություններ իմանանք  Հայրենական և Արցախյան առաջին պատերազմներին մասնակցած հայրենիքի պաշտպանների մասին։

Թանգարանի սրահներից  մեկը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում աչքի ընկած հայ զինվորներին, ինչպես նաև, հայ մարշալների և գեներալների գործունեությանը:

Իսկ մյուս սրահում ներկայացված է Արցախյան առաջին պատերազմին մասնակցած  ազատամատիկների և Արցախի հերոսների գործունեությունը։ Թանգարանի սրահներում կտեսնենք ազատամարտիկների շքանշանները, լուսանկարները, համազգեստները, նամակները և շատ այլ արժեքավոր իրեր, որոնք սրբորեն պահպանվում են «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ֆոնդերում։ 

Ասենք նաև, որ թանգարանի բակում գտնվող ռազմական տեխնիկան՝ կատյուշան, Միգ-15  ինքնաթիռը, Տ-34 տանկը, որոնց կողքին շատերս լուսանկարվում ենք, բերվել են ռազմադաշտից։

Մնում է ժամանակ տրամադրել և գոնե մեկ անգամ լինել այս թանգարանում, որտեղ մեզ սպասում են ոչ միայն այսօր և վաղը, այլ նաև տարվա բոլոր օրերին։

Ավելացնենք նաև, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է։ Իսկ «Մայր Հայաստան» արձանի հեղինակը Արա Հարությունյանը։ Քանդակի բնորդուհին եղել է Եվգենյա Մուրադյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button