Զարթուցիչ

Երկու տոն՝ մեկ օրում. Զարթուցիչ

Եթե կարծում եք, որ մեկ գիշեր չքնելը առանձնապես լուրջ հետևանքներ չի ունենում, ապա այս փաստը ձեզ կզարմացնի։ Գիտնականներն ապացուցել են, որ մի ամբողջ գիշեր չքնելուց հետո ուղեղի աշխատանքը հավասարվում է թեթև հարբածության վիճակին՝ դանդաղ արձագանք, անդադար սխալներ և վատ հիշողություն։

Առաջիկա տասը րոպեների ընթացքում նախ կտեսնենք, թե ինչ հիշարժան տոներ ունենք այսօր, այնուհետև ստուդիայում կհյուրընկալենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Կլիմայի հարցերով երիտասարդական խորհրդի» անդամներին։ Նրանց հետ զրուցելու ենք ոչ միայն կլիմայի փոփոխության, այլ նաև այդպիսի հիմնախնդիրներում երիտասարդների ներգրավվածության մասին։

Գուցե մի փոքր զարմանալի կամ նույնիսկ ծիծաղելի թվա, բայց այսօր մայրիկները չպետք է բարկանան, եթե մեր սենյակում քաոս տիրի։ Բանն այն է, որ միջազգային տոնացույցում կա մի շատ յուրօրինակ օր՝ Խենթության և թեթև խառնաշփոթի օրը։ Հոգեբաններն ասում են՝ երբեմն պետք է թույլ տալ, որ ամեն ինչ խառնվի՝ թե՛ մեր շրջակայքում ու թե՛ ծրագրերում, որովհետև հենց այդ անկանխատեսելիությունն է օրն ավելի  հետաքրքիր դարձնում։ Այսօրվա նպատակն է՝ թեթև վերաբերվել անկատարությանը, չփորձել վերահսկել ամեն մանրուք և ընդունել, որ երբեմն ամենահիշվող պատմություններն սկսվում են հենց փոքրիկ խառնաշփոթից։ 

Այսօր նշվում է նաև Շնաձկների իրազեկման միջազգային օրը։ Շատերս շնաձկների անունն լսելիս անգամ՝ վախենում ենք։  Բայց  իրականում, նրանք համաշխարհային օվկիանոսների ամենակարևոր կենդանիներից են։ Շնաձկները միլիոնավոր տարիներ շարունակ պահպանել են ծովային էկոհամակարգերի հավասարակշռությունը՝ կարգավորելով այլ կենդանիների պոպուլյացիաները։ Գիտնականները նշում են, որ եթե շնաձկների թվաքանակը կտրուկ նվազի, դա կարող է խաթարել ամբողջ ծովային սննդային շղթան։ Ցավոք, ամեն տարի միլիոնավոր շնաձկներ են ոչնչացվում՝ հիմնականում մարդու գործունեության հետևանքով։ Ուստի օրվա նպատակն է հիշեցնել, որ նույնիսկ այն կենդանիները, որոնցից մարդիկ հաճախ վախենում են, կարևոր դեր ունեն բնության մեջ և արժանի են պաշտպանության։

Այսքանը օրվա տոնացույցից։ Իսկ հիմա ժամանակն է լսելու մեր հյուրերին։ Տաղավարում են «Կլիմայի հարցերով երիտասարդական խորհրդի» անդամներ Նանե Հովհիկյանն ու Ավետ Հովհաննիսյանը և Յունիսեֆի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button