Զարթուցիչ

Այսօր շաքարե թխվածքաբլիթի օրն է․ Զարթուցիչ

Այսօր այն օրերից մեկն է, երբ կարելի է խոհանոցում ստեղծագործելու մեր ծրագիրն իրագործել և պատրաստել շատ համով, շատ մատչելի, շատ պարզ մի խմորեղեն, որի անունն է «շաքարե թխվածքաբլիթ», և որի օրն է այսօր։ Հուլիսի 9–ը, ինչպես տեղեկանում ենք օրացույցից, շաքարե թխվածքաբլիթի օրն է։ Այնպես որ, եթե խոհանոցում ինչ–որ բան պատրաստելու ծրագրեր ունեիք, հենց այս օրը շատ հարմար է․ կապեք մայրիկի գոգնոցն ու գործի անցեք․ պատրաստում ենք շաքարե թխվածքաբլիթ։

Իրականում ձեր պատրաստած թխվածքաբլիթին կարող եք այլ անուն էլ տալ․եթե որևէ միջուկով լինի, ասենք, բալով, կանվանեք բալով թխվածքաբլիթ, նշի քերուկ լինի, կանվանեք նուշով թխվածքաբլիթ, կարող եք կիտրոնով պատրաստել․կարևորն այստեղ խմորն է, որը պատրաստվում է ձվով, կարագով, ալյուրով և շաքարավազով։

Այսօր, երբ համացանցում բարդ ու բազմազան խմորեղենների հազարավոր բաղադրատոմսեր կան, և կարելի է, ըստ դրանց, գեղեցիկ, զարդարված, անսովոր բազմաթիվ խմորեղեններ պատրաստել, իհարկե կարող է հարց առաջանալ, թե ինչու հենց այս պարզ թխվածքաբլիթին է հատուկ օր նվիրվում։ Նախ, որովհետև սա ամենամեծ պահանջարկ ունեցող քաղցրավենիքներից մեկն է հենց իր պարզության և մատչելիության պատճառով և երկրորդ, որովհետև այն ժամանակ, երբ այս թխվածքը նոր սկսեց հայտնի դառնալ, հրուշակագործական արտադրանքների աշխարհը դեռ այսքան բազմազան չէր։

Տոնը ծագել է ԱՄՆ–ում, իսկ այստեղ այս թխվածքաբլիթները հայտնի դարձան 18–րդ դարում, երբ ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Նազարեթ քաղաքում Գերմանիայից եկած բողոքականներն սկսեցին իրենց հետ բերած այս բաղադրատոմսով թխել առաջին թխվածքաբլիթները։ Դրանք փխրուն էին և շատ նուրբ ու միանգամից հայտնի դարձան քաղցրասերների շրջանում։ Բայց․․․մի բայց կար․ շաքարի արտադրության ծավալները դեռ մեծ չէին, և այնպես չէր, որ ցանկացած պահի ցանկացած ընտանիք կարող էր թխել այս համով բլիթներից։ Իսկ երբ մեծացավ շաքարի արտադրությունը, այս խմորեղենը դարձավ մատչելի շատերի համար։

Այսօր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր հրուշակագործների համար իսկական մասնագիտական տոն է․ նրանք կմասնակցեն թխվածքաբլիթի պատրաստման մրցույթների, վարպետության դասեր կկազմակերպեն ցանկացողների համար, կնկարեն իրենց պատրաստած գլուխգործոցներն ու կտարածեն սոցցանցերում, իսկ մենք․․․Մենք հենց հիմա սառնարանից կհանենք, ասենք, 2  ձու, 100 գրամ կարագ, պահարանից՝ 200 գրամ շաքարավազ, 250 գրամ ալյուր, կես թեյի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ քացախ, եթե կուզենք՝ մի քիչ դարչին կավելացնենք, կուզենք՝ մի քիչ կիտրոնի կեղևի քերուկ, կհունցենք խմոր, կթխենք թխվածքաբլիթներն ու թեյի սեղանի շուրջ կհավաքենք ընտանիքը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button