Զարթուցիչ

Շոկոլադի համաշխարհային օրվանից մինչև տիեզերական նորություններ. Զարթուցիչ

Մի հետաքրքիր փաստով ենք ուզում սկսել հաղորդումը: Գիտեի՞ք, որ ամռան ընթացքում Երկիր մոլորակը, իրականում, Արեգակից ավելի հեռու է, քան ձմռանը։ Հյուսիսային կիսագնդում ամառը պայմանավորված է ոչ թե Արեգակին մոտ լինելու, այլ՝ Երկրի առանցքի թեքությամբ։

Տիեզերքը երբեք չի դադարում զարմացնել մեզ, դե, իսկ մենք էլ այսօր շարունակելու ենք մեր տիեզերական զրույցները: Ինչպես միշտ՝ սկսենք օրացույցում տեղ գտած օրվա իրադարձություններից:

Հուլիսի 7-ին աշխարհում նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը՝ նվիրված աշխարհի ամենասիրված քաղցրավենիքներից մեկին։ Ընդունված է կարծել, որ տոնը նշվում է ի պատիվ այն օրվա, երբ 16-րդ դարում շոկոլադն առաջին անգամ հասավ Եվրոպա: Թեև այս պատմական կապը լիովին հաստատված չէ, բայց լայնորեն ընդունված է որպես տոնի հիմք:

Այս օրը շատերը վայելում են իրենց սիրելի քաղցրավենիքն ու հիշում, թե ինչպես է այն դարերի ընթացքում դարձել տարբեր մշակույթների ու ավանդույթների անբաժանելի մասը։

Նույն օրը նշվում է նաև Ներման համաշխարհային օրը: Այն խրախուսում է ներել ուրիշներին և ազատվել վիրավորանքներից։ Ներելու կարողությունը օգնում է հաղթահարել վիրավորանքները, վերականգնել հարաբերությունները և ձեռք բերել ներքին խաղաղություն։ Այն Միավորված ազգերի կազմակերպության կողմից պաշտոնապես հաստատված տոն չէ, այլ՝ հասարակական նախաձեռնություն։

Հիմա ժամանակն է լսելու Տիեզերք բլոգի հիմնադիր-անդամներ Տաթևիկ Չուխուրյանին և Հարություն Ստեփանյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button