Զարթուցիչ

Ի՞նչն է միավորում համեղ ուտելիքն ու օձերին․ Զարթուցիչ

Հուլիսի 16–ն է այսօր՝ համեղ ուտելիքի օրը․․․Ի դեպ, համեղ ուտելիքը հայերենում մի սիրուն հոմանիշ ունի՝ «համադամ» բառն է դա․ գիտեի՞ք․․․Հայտնի «գուրման» բառն էլ երևի «համադամասերն» է։ Մենք մեր զրույցը շարունակենք՝ օրն անվանելով «Համեղ ուտելիքի օր»․․․

Ամեն մեկի համար համեղ ուտելիք ասվածը նույնը չէ, և, ցավոք, համեղն ու օգտակարը, միշտ չէ, որ համընկնում են։Անգամ այդպիսի հայտնի խոսք կա․ օգտակար սնունդը չի կարող համեղ լինել և այն ամենը, ինչը համեղ է, օգտակար չէ։

Սա, իհարկե, ծայրահեղություն է, բայց այս օրը՝ հուլիսի 16–ը հենց համե՛ղ ուտելիքի օրն է, որը կարող է և օգտակար չլինել, բայց կարող է շատ սիրելի լինել, կարող է տրամադրություն ստեղծել, ուրախացնել, ընկերներին հավաքել մեկ սեղանի շուրջ․ համենայնդեպս, օրվա նախաձեռնողները, որոնք հայտնի էլ չէ, թե ովքեր են, այդպես էլ նախատեսել են․ թող համով լինի, իսկ վաղվանից՝ հուլիսի 17–ից, օգտակարի մասին կմտածենք․․․

Ի դեպ, սննդաբաններն ամենևին համաձայն չեն այն բնութագրման հետ, որ համեղ ուտելիքն օգտակար չի կարող լինել․ մի քանի փոքրիկ խմբագրում բաղադրատոմսում, մի քանի վտանգավոր բաղադրիչների բացառում և ամեն ինչ տեղը կընկնի, բայց, եթե այսօր հենց համեղն է կարևոր, ուրեմն՝ թող հենց համեղ էլ լինի։ Արդեն ասացինք, որ այս օրվա նախաձեռնողները հայտնի չեն, բայց տարեցտարի հուլիսի 16–ն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, և մարդիկ իրար այսօր սրճարան կամ ռեստորան հրավիրելիս ավելի ու ավելի հաճախ են ասում՝ գնանք նշելու համեղ ուտելիքի օրը։ Հրաշալի օր է, որը շատ լավ կարելի է նշել նաև տանը։

Ի՞նչն է միավորում համեղ ուտելիքն ու օձերին։ Ոչ մի բանն էլ չի միավորում, իհարկե։ Չէ՛, օրացույցը միավորում է և այն էլ այսօրվա՝ հուլիսի 16–ի էջով․ հուլիսի 16–ը նաև օձերի համաշխարհային օրն է։ Ինչպես գիտեք, միջազգային տոնացույցում քիչ չեն այն օրերը, որոնք նվիրվում են այս կամ այն կենդանատեսակին։ Օձերն էլ իրենց օրն ունեն և դա, ինչպես ասացինք, այսօր է։

Այս սողունների նկատմամաբ վերաբերմունքը միանշանակ չէ․ մարդիկ ավելի հաճախ դրանց չեն սիրում և վախենում են անգամ այն դեպքերում, երբ օձերի նախշերը ակամա հիացմունք են առաջացնում։ Բայց, իհարկե, կան նաև մարդիկ, որոնց շատ հետաքրքրում են օձերի կենցաղը, վարքը, սովորությունները և կա գիտության ճյուղ, որը զբաղվում է դրանց ուսումնասիրությամբ․ օձաբանություն կամ հերպետոլոգիա․ այսպես է այն կոչվում։

Ամառ է, օձերի ակտիվության շրջանը, որի ընթացքում  բոլորս էլ բնության գրկում լինելու առիթներ կունենանք։ Անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվում օձերին, հիանում եք, թե սարսափում, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց հանդիպելու դեպքում պահել անվտանգ հեռավորություն՝ 2–2,5 մետր, հանդիպելու դեպքում կտրուկ շարժումներ չանել, երբեք չլինել նախահարձակ, որովհետև, ինչպես պարզվում է, օձերի՝ մարդու վրա հարձակվելու պատճառը պաշտպանական ռեակցիան է․ իրենք՝ օձերը, երբեք առաջինը չեն հարձակվում։

Օձերը տարբեր ժողովուրդների առասպելներում, հեքիաթներում, ժողովրդական հավատալիքներում իրենց ուրույն տեղն ունեն․ հիշու՞մ եք այն հայկական հեքիաթները, որոնցում ջրի ակունքը փակում է հսկա վիշապօձը, գեղեցիկ աղջիկների է կուլ տալիս մի քիչ ջուր բաց թողնելու համար, և միայն քաջ հերոսն է կարողանում նրան գլխատել։ Արևելյան ժողովուրդների մշակույթում օձն իմաստուն է, խորագետ, հին ացտեկներն աստվածացնում էին օձին և անգամ տաճար էին կառուցել նրա համար՝ Փետրավոր օձի տաճարը․․․

Մի խոսքով՝ որքան մշակույթ, այնքան վերաբերմունք, և իհարկե, բոլորն էլ՝ հետաքրքիր, բայց իրական կյանքում աշխատենք խուսափել այս սողունի հետ մոտ շփումից և արշավի գնալուց առաջ անպայման ճշտենք, թե այն վայրում, ուր նախատեսում ենք այցելել, այս սողունների ի՞նչ տեսակներ կան․․․

Օձերն այնքան խորհրդավոր են թվացել մարդկանց և մարդիկ այնքան ուշադիր են ուսումնսաիրել նրանց վարքը, որ անգամ այդ դիտարկումների արդյունքում ասացվածքներ են ծնվել․ օրինակ, օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի կամ՝ օձը երբեմն է կծում, չարամիտը՝ ամեն քայլափոխում։

Ցուցադրել ավելի
Back to top button